Վերլուծական

Թուրքիայում քաղաքական ճգնաժամ է սպասվում. թուրքագետ

karenghazaryan

Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ թուրքագետ Հակոբ Չաքրյանը, անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներին. կարծիք է հայտնել, որ սպասվում է քաղաքական ճգնաժամ, քանի որ իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը չի հավաքել պարզ մեծամասնություն, իսկ մնացած կուսակցությունները ոչ էրդողանի, ոչ էլ միմյանց հետ կոալիցիա չեն կազմելու, ինչի մասին արդեն եղել են հայտարարություններ:

 

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը կարեւոր է համարում, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում ստացել է 10-ից ավելի տոկոս: Եթե վերջինս 10-ից ցածր տոկոս ստանար, ապա նրա ձայները մեխանիկորեն կգումարվեին Էրդողանի կուսակցության ձայներին եւ նա կկարողանար արդեն միայնակ Սահմանադրությունը փոխել եւ Թուրքիան դարձնել նախագահական: Էրդողանի այս ցանկություններն ի դերեւ են ելնում, քանի որ նրա կուսակցությունն այս ընտրություններում ստանում է ավելի նվազ ձայներ՝ նախորդի համեմատ: Ընտրություններում Էրդողանի կուսակցությունն անգամ պարզ մեծամասնություն չի ստանում, ինչի համար 500 հոգանոց խորհրդարանում նրան պետք էր ունենալ 276 պատգամավորական տեղ: Այս առումով՝ թուրքագետն այսպիսի դիտարկում կատարեց.

«Փաստորեն, այս ընտրություններում հաղթանակը Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանն է: Պարտվողն էլ, առաջին հերթին, նախագահ Էրդողանն է»:

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի գնահատմամբ՝ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում 10 տոկոսանոց արգելապատնեշը հաղթահարած եւ խորհրդարան մուտք գործած չորս կուսակցությունները՝ ձայների 40 տոկոսը ստացած «Արդարություն ու բարգավաճում» կուսակցությունը, 25 տոկոս ստացած «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը, 16 տոկոս հավաքած Ազգայնական շարժումը եւ 10-ից ավելի տոկոս հավաքած Ժողովուրդների դոմոկրատական կուսակցությունը, միմյանց հետ, այսպես ասած, շունն ու կատու են, հետեւաբար՝ շատ մշուշոտ է եւ անհնարին կոալիցիա կազմելու հնարավորությունը:

«Երեք ընդդիմադիր կուսակցություններից ոչ մեկը չի ուզում Էրդողանի կուսակցության հետ կոալիցիա կազմի: Չկազմելու դեպքում էլ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում»-ը վստահության քվե չի ստանա: Եվ սրանք իրար հետ էլ չեն ուզում կոալիցիա կազմել: Այսինքն, սպասվում է քաղաքական ճգնաժամ: Նույնիսկ երեկ դեռ խոսում էին վաղաժամկետ ընտրությունների մասին: Դա նշանակում է, որ իրավիճակն այնքան էլ լավ չի»:

Անդրադառնալով Թուրքիայի խորհրդարան անցած երեք հայ պատգամավորներին՝ թուրքագետ Հակոբ Չաքրյանը նկատեց, որ նրանք որեւէ դրական քայլ հայկական հարցում չեն կարող կատարել:

«Եթե կարողացան թուրքահայ համայնքի շահերը պաշտպանել, էլի դրական պետք է համարվի»:

Ցուցադրել ավելի
Back to top button