ՎերլուծականՔաղաքական

Ադրբեջանը գնում է ինքնամեկուսացման. հայ փորձագետի գնահատականը

alisagevorgyan
Ադրբեջանը որոշել է փակել Բաքվի ԵԱՀԿ գրասենյակը՝ պատճառաբանելով, որ Բաքվում ԵԱՀԿ ծրագրերի համակարգողի գործունեության անհրաժեշտությունը չկա: Այլ մեկնաբանություն այս երկրի արտաքին գերատեսչությունը չի հրապարակել: Ինչպես որակել կամ մեկնաբանել պաշտոնական Բաքվի այս քայլը:

 

Պաշտոնական Բաքվի որոշումը ԵԱՀԿ գրասենյակը փակելու վերաբերյալ շատերի համար գուցե զարմանալի էր, բայց ոչ անսպասելի: «Բաքվի ու եվրոպական հեղինակավոր այս կառույցի միջև հարաբեությունների սառեցում նկատվել է նաև նախկինում: Երկու տարի առաջ դեսպանատան գործառույթներ  իրականացնող այս կառույցի կարգավիճակը Բաքվում իջեցրեցին մինչև օֆիսի մակարդակի»,-հիշեցնում է ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:

Իրականում ինչով է պայմանավորված Բաքվի որոշումը: Ըստ փորձագետի, տեսակետները մի քանիսն են.

«Քանի որ վերջերս Ադրբեջանը շատ է քննադատվում Արևմուտքի կողմից, Բաքուն փորձում է ցույց տալ, որ որևէ մեկը իրավունք չունի խառնվել իր ներքին գործերին»:

«Իհարկե այս հարցում Ադրբեջանին օգնեցին միլիոնավոր դոլարները, որոնցով եվրոպական չինովնիկներին կաշառելը, ինչպես տեսանք վերջերս,  այնքան էլ դժվար չէ»,-ասում է փորձագետը: Ըստ նրա այն փաստը, որ հարաբերությունները սրվում են Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերի նախաշեմին , խոսում է այն մասին, որ Ադրբեջանը լուրջ խուճապի մեջ է:

«Ստացվում է, որ միջոցառումը, որը պետք է դառնար Ադրբեջանը գովազդելու հզոր միջոց, իրականում դառնում է հակագովազդ Ադրբեջանի համար»,-եզրակացնում է հայ փորձագետը: Նշենք, որ Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակման որոշումը հայկական որոշ լրատվամիջոցներ դիտարկում են որպես պատերազմի վերսկսման  նախաքայլ: Որքանով է դա իրատեսական: Ըստ Սարգիս Ասատրյանի՝ այս պահին գոնե Ադրբեջանին պատերազմն ամենևին ձեռնտու չէ:

«Պատերազմով  Արցախը գրավելու Բաքվի սպառնալիքները զուտ ներքին սպառման համար են»,-ասում է փորձագետն ու հիշեցնում՝ «պատերազմի սպառնալիքն այսօր իշխանությունը պահելու լավագույն միջոցներից է»:

Ցուցադրել ավելի
Back to top button