Մշակույթ

Կոմիտասը` 20-րդ դարի հայ նկարիչների աչքերով

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի

«Կոմիտասը 20-րդ դարի նկարիչների աչքերով» ցուցահանդեսը, որը  վերջերս բացված  էր Երևանի «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում, տեղափոխվել է Թբիլիսի: Վիրահայոց թեմին կից գործող  «Հայարտուն» մշակութային կենտրոնում ներկայացվել են մի շարք հայ նկարիչների  (Սարգիս Մուրադյան, Սուրեն Սաֆարյան, Գրիգոր Աղասյան, Տիգրան Թոքմաջյան, Զարուհի Մուրադյան, Ստեփան Անդրանիկյան, Հենրիկ Մամյան և Հենրիկ Սիրավյան) աշխատանքներ (գեղանկար, գրաֆիկա), որտեղ անդրադարձ է կատարվել ցեղասպանության թեմային, մասնավորապես Կոմիտասի կերպարին։

 

 

«Կոմիտաս. վերջին գիշեր»   կտավը Սարգիս Մուրադյանի անունն արդեն  ամրագրել է  հայ կերպարվեստի դասականների կողքին:  50–ականներին,  երբ եղեռնի թեման դեռ արգելված էր, Մուրադյանի այս գործն  իրարանցում է առաջացնում ու մրցանակների արժանանում: Կոմիտասի կերպարը թերևս  միայն այս նկարում  է ներկայցվում այսքան ողբերգական ու տպավորիչ:

«Նայելով այս կտավին մի պահ պատկերացրեք. այդպիսի  հայացք ունեին  մեր հայրուրավոր մտավորակնները, ովքեր այդ գիշեր ձերբակալվեցին»,- ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ավելացնելով,  որ ինքը  ամեն անգամ այս նկարին նայելով  հուզվում է:

Սարգիս Մուրադյանը  20–րդ դարի առաջին հայ նկարիչներից մեկն է, ով  խորհրդային տարիներին անդրադարձել է Կոմիտասի թեմային: Եվ ինչպես նկարչի դուստրը, «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի հիմնադիր  Զարուհի Մուրադյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց.  «Նա իր ամբողջ կյանքի ընթացքում պարբերաբար անդրադարձել է Կոմիտասի թեմային Հայոց ցեղասպանության ողբերգությունը նկարագրելու համար»:

Կոմիտասի ու ընդհանրապես Հայոց Ցեղապանության թեման հանդիպում է նաև վիրահայ նկարիչների մոտ: «Վիրահայ  նկարիչների միության» նախագահ,  մանրանկարիչ Մերուժան Շահումյանը հեղինակել է  «Գարունա ձյունա արել» խորագրով նկարը:

Թբիլիսիիում Կոմիտաս  ներկայացնելը պատահական չէ, ասում է ցուցահանդեսը Հայաստանից Վրաստան տեղափոխելու նախձեռնության հեղինակ, լրագրող Արսեն Խառատյանը:  «Որպես արևելահայության մշակութային կենտրոն,  Կոմիտասն իր առաջին մեծ  բեմելով հանդես եկավ Թիֆլիսում 1907թ»:

Խառատյանը պատրաստվում է նախաձեռնել նաև վրաց նկարիչների ցուցահանդեսը Հայաստանում` այսպիսով խթանելով հայ-վրացական մշակութային կապերի զարգացումը:

Ցուցադրել ավելի
Back to top button