Հասարակություն

Պոլիտեխնիկում թեժ պայքարը շարունակվում է. հունիսի 20-ին բուհում ռեկտոր կընտրեն

lenabadeyan
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կրքերը չեն հանդարտվում: Բայց դա որեւէ կապ չունի ընդունելության քննությունների հետ: Խնդիրն այն է, որ առաջիկայում նախատեսվում է ընտրապայքար՝ ռեկտորի թափուր պաշտոնի համար եւ, հավանաբար, հենց այդ պատճառով էլ դեռ ամիսներ առաջ ի հայտ եկան անհավանական զարգացումներ՝ ընդուպ մինչեւ՝ «սեքս-սկանդալի բացահայտում»:

 

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ռեկտորի ընտրությունները կանցկացվեն հունիսի 20-ին: Բայց արդեն տեւական ժամանակ է, ինչ ընդհատակյա պայքարը պաշտոնի համար սկսվել է: Պայքարում են հիմնականում երկուսը՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար հանրապետական Հովհաննես Թոքմաջյանը, ով նաեւ Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ է, եւ նախկին ռեկտոր, դաշնակցական Ոստանիկ Մարուխյանը: Զարմանալի է, բայց լուրեր են շրջանառվում, թե հավանական հաղթողը հենց վերջինն է՝ այդպես է որոշվել: Հենց այդ որոշման հետ են կապում Կրթության եւ գիտության նախաար Արմեն Աշոտյանի վերջին հայտարարությունն այն մասին, թե ԲՈՒՀ-ում մթնոլորտը կրթական չէ եւ պետք է շտկել դա:

Սա այն դեպքում, երբ Հովհաննես Թուքմաջյանը պնդում է, որ իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում արել է այնքան գործ եւ ԲՈՒՀ-ն ունեցել է այնպիսի ձեռքբերումներ, որ մինչ այդ չի գրանցվել 10 տարվա ընթացքում: Թոքմաջյանի մտքով անգամ չի անցնում, որ կուսակից գործընկեր-նախարարը հատուկ նպատակով է արել այդ հայտարարությունը:

«Արմեն Աշոտյանը եղել է իմ ընկերը, ես շատ ափսոսում եմ նրա վերաբերմունքի փոփոխությունների համար, կարծում եմ, նա լավ ինֆորմացված չէ եւ ունի իր շրջապատում մարդիկ, այդ թվում այստեղից, ովքեր անընդհատ ապատեղեկատվություն են նրան ներկայացրել: Նախարար ասում է, որ պետք է վերականգնել մթնոլորտը ԲՈՒՀ-ում, ես ասում եմ՝ այո: Ինքն ուրիշ բան չի ասել, կարդացեք, ես բառացի եմ հասկանում: Իրավական ակտերի մասին օրենքով գրված է, որ պաշտոնյաների հայտարարությունները եւ որոշումները պետք է հասկանալ բառացի՝ տառ-տառ, բառ-բառ: Այո, պետք է վերականգնենք, մեզ մոտ պետք է տեղ չունենան կիրակոսյանները, աշոտխաչատրյանները, մեհրաբյաննեը, երչբ մենք արմատախիլ կաննենք եւ դուրս կշպրտենք պոլիտեխնիկից, Պոլիտեխնիկը կսկսի հանգիստ ապրել: Սա ԲՈՒՀ չէ արկածախնդիրների համար»:

Թվարկած անունները ռեկտորի պաշտոնակատարը կապում է վերջին շրջանում իր դեմ սկսված հակաքարոզչական  արշավի հետ, որտեղ շրջանառվում էին լողավազանի, քոլեջի ու նաեւ այսպես կոչված «սեքս-սկանդալի» բացահայտումները: Ի դեպ՝ վերջինի հետ կապված Հովհաննես Թոքմաջյանն այսօր բացահայտեց, որ իրեն անհարկի կապել է 59 ամյա ընկերոջ աղջկա անվան հետ:

«Մենք ունենք քավոր-սանիկական կապեր: Հատուկ ընտրված էր ցավոտ սարքելու համար՝ հաշվի առնելով նաեւ, որ նրա համայրը Հայաստանի թիվ 1 բորտի՝ ինքնաթիռի հրամանատարն է: Ես չեմ կարող նկարներ ցույց տալ, թե ինչպիսի առողջական վիճակի մեջ է հայտնվել այդ կինը, բայց մի բան կարող եմ ձեզ պատմել: Երբ թռիչքից հետո օդանավի հրամանատարը՝ ընկերս, դուրս է գալիս, մի լրագրող այդ տեքստը ձեռքին եւ միկրոֆոնով մոտենում է ասում, տես, թե ինչ է քո ընկերը աղջկադ հետ ինչով է զբաղված, ինքն ինձ զանգեց ու ասաց. «ես քեզ զանգել եմ ասելու, որ դու ինձ ապացուցելու բան չունես»: Եվ այդտեղ նրանք սխալվեցին, եւ դա իրենց առաջին սխալը չէր»:

Հովհաննես Թոքմաջյանն առայժմ իր ուժերով է փորձում պաշտպանվել, հակահարվածել ու ապացուցել, թե տարածվող լուրերը հերյուրանք են: Հակառակ տարածվող վարկածի, թե արդեն որոշված է ապագա ռեկտորը, Թոքմաջյանը պնդում է, որ ինքնէ հաղթելու այդ ընտրություններում: Համոզված է նաեւ, որ գիտխորհրդի անդամները վերջին պահին «չեն հանձնի իրեն»:

«Դուք իսկապես համոզված եք, որ իշխանության համակարգում որոշված է ինձ չսատարել սարատել Ոստանիկ Մարուխյանի՞ն: Ինչ որ խոսվում է «դաբրո»-ժների վերաբերյալ՝ հատկապես ռեկտորի թեկնածուների կողմից է տարածվում: Ընդհանրապես մարդկանց միայն 2-3 տոկոսն է ապրում սկզբունքներով, ես այդ մարդկանցից մեկն եմ ինձ համարում: Մնացածն ապրում են հաշվարկով: Բայց ինչու՞ են դժբախտ այդքան շատ մարդիկ, որովհետեւ հաշվել չգիտեն»:

Հիշեցնենք, որ վերջին տարիներին ձեւավորված ավանդույթի համաձայն Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրություններն անցնում էին առանց այլընտրանքի: Այս անգամ պատկերը բոլորովին այլ է: Իսկ թե ո՞ւմ հաշվարկն է ավելի ճիշտ եւ որքան սկզբունքային են գիտխորհրդի անդամները կերեւա ընդամենը մի քանի օրից:

Ցուցադրել ավելի
Back to top button