Հասարակություն

«Բաց երկնքի» քաղաքականության հետեւանքները

lianaeghiazaryan

Հայաստանը Եվրամիության հետ քննարկում է ավիացիոն ոլորտի բարեփոխումների հարցը: Այս խնդիրը ներկայում քննարկվող ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի հիմքում դրված հարցերի մեկն է: Ինչ կտա նոր փաստաթուղթը, արդյոք դա ենթադրում է ավիատոմսերի գների փոփոխություն, արդյոք կհաջողվի ստեղծել այնպիսի վիճակ, որ հայ շարքային քաղաքացին չգերադասի կամ պարտադրված չլինի Երեւանի բարձրակարգ օդանավակայանը թողած թռչել հարեւան Թբիլիսիի օդանավակայանից: 

 

Երևանն ու Բրյուսելը պատրաստվում են կնքել նոր համաձայնագիր: Եվրամիության հետ նոր փաստաթուղթը պետք է հիմնվի արդեն բանակցված ասոցացման համաձայնագրի վրա՝ հաշվի առնելով վերջին փոփոխությունները, մասնավորապես Հայաստանի պարտավորությունները ԵԱՏՄ-ի շրջանակներում: Հիշեցնեմ` Հայաստանը տարիներ շարունակ բանակցում էր եվրոպական կառույցների հետ, սակայն 2013 թ.-ին Վիլնյուսի գագաթնաժողովին Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պատճառով այսպես էլ չստորագրեց Եվրամիության հետ տարիներով քննարկված ասոցացման համաձայնագիրը:

Իսկ այժմ ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների հիմքում ու Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի արդյունքում ընդունված հռչակագրում, մասնավորապես, շեշտվում է ավիացիայի ոլորտը: Այս համատեքստում ԱԺ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հարց է բարձրացնում` արդյոք սա ենթադրում է վարչարարական, տեխնիկական ներկա խնդիրների լուծում ավիացիայի ոլորտում:

Ինչի հետեւանք է այն, որ այսօր Երեւանի բարձրակարգ օդանավակայանը թողած հայ քաղաքացին պետք է բազմաթիվ երկրներ մեկնի Թբիլիսիի օդանավակայանից: Սա ենթադրում է անհարմարություններ հարեւան երկիր մեկնելու, տրանսպորտային հարցերի առումով: Բայց ֆինանսապես Թբիլիսիից մեկնելը շատ ավելի մատչելի տարբերակ է: Օրինակ` Հայաստանից եւ Վրաստանից Եգիպտոս մեկնելու գինը ընդհուպ մինչեւ 2-300 դոլարի տարբերություն է տալիս: Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը մեկ այլ օրինակ է բերում` ինչպես է, որ ուկրաինական ավիաուղիները հաջողում են նույն հեռավորությունը սպասարկել ավելի մատչելի գնով, քան դա հայ սպառողին առաջարկում է ռուսական ավիաընկերությունը:

Երեւան-Կիեւ-Երեւան երկկողմանի տոմսը հիմա 220 դոլար արժե, իսկ նույն հեռավորությունն ու նույն տեւողությունը ռուս փոխադրողն ավելի թանկ է մատակարարում: Ռուսները հայերի` հաճախ ՌԴ մեկնելն իրենց եկամտի աղբյուրն են դարձրել. ասում է Մակարյանը:

«Այստեղ լրացուցիչ ուսումնասիրության խնդիր կա, միայն շուկայական հարաբերությունների հարցը չէ:  Կամ էլ մեր կողմից բանակցություններ չեն տարվում»:

Ինչպես է, որ Վրաստանը կարողանում է սահմանել մատչելի գներ սեփական օդանավակայանից թռիչքներ կատարելու համար, իսկ Հայաստանը` ոչ: Ինչու են Հայաստանից հեռանում միջազգային ավիափոխադրողներն, այն էլ այն դեպքում, երբ մեր պաշտոնյաները խոսում են «բաց երկնքի քաղաքականության» ու բարեփոխումների մասին: Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը հենց այդպես էլ խոսում է, վստահությամբ հայտարարում ոլորտի բարելավման քայլերի ու ակնկալիքների մասին: Նույն համոզմունքով Մելքոնյանը վստահեցնում է, թե Վրաստանից ավիափոխադրումներն ավելի ցածր մակարդակի վրա են, դրա համար էլ ավելի էժան են:

«Ինչու են գները ցածր, որովհետեւ դրանք ապահովում են անհամեմատ ցածր որակ, երբեմն ճամպրուկը հանձնելու համար երբեմն լրացուցիչ գումար է պետք վճարել, օդանավի մեջ սննդի ծառայություն չի լինում, շատ ծառայություններ պակաեսված են լինում»:

Բայց հարցն այն է, որ հայ շարքային սպառողը հենց միջին գնի առաջարկի կարիք ունի, որն այսօր մեր երկրում չեն առաջարկում:  Նույն հայ սպառողին ձեռնտու է մեկնել Թբիլիսիով, քան բախվել հայաստանյան թանկ գներին, որոնք մեկ պայմանավորում են ավիափոխադրողների համար «Զվարթնոց» օդանավակայանի սահմանած բարձր գներով, մեկ` ոչ ճիշտ վարչարարությամբ: Գարեգին Մելքոնյանը գերադասում է խնդիրների փոխարեն խոսել նախաձեռնվող քայլերից ու դրանց հետ կապված հույսերից:

«Ամենատարբեր, մասնավորապես, եվրոպական երկրների հետ կան բանակցություններ, թեեւ դեռ վաղ է անուններ հրապարակել: Որոշ ժամանակ առաջ զրոյացվեց Գյումրիի օդանավակայանի վրա գործող «օդի տուրքը» զրոյացվեց»:

Թե ինչ կտան Հայաստանի բանակցությունները Եվրամիության եւ առանձին երկրների հետ, ժամանակը ցույց կտա:

 

Ցուցադրել ավելի
Back to top button