Հասարակություն

Սիրիահայերի տեղահանումը Թուրքիայի քաղաքականության հետեւանքն է. հալեպահայ

lenabadeyan
Մեկ շաբաթ է, ինչ Հայաստանում է Հալեպի Կիլիկիան վարժարանի տնօրեն Անի Մելքոնյան-Բոյաջյանը: Այսօր նա հանդիպել է լրագրողներին՝ ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ, հալեպահայ Վազգեն Մեսրոպյանի հետ ներկայացնելու հալեպահայերի ներկա վիճակը: Պատմում է, որ 4 տարի կարողացել են ոչ միայն գոյատեւել, այլեւ պահպանել հայկական վարժարանները, թեեւ պատերազմական գործողությունների մեկնարկից մինչ այսօր հայ աշակերտների թիվը նվազել է  150 անգամ:

 

Վերջին հրապարակումներն այն մասին, թե Հալեպում մնացել է 3 հազարից ոչ ավելի հայ չի համապատասխանում իրականությանը, ասում է ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ, հալեպահայ Վազգեն Մեսրոպյանը: Պատասխանելով «Ռադիոլուր»-ի հարցին խոստովանել է՝ նույնիսկ ստեղծված ներկա պայմաններում սիրիահայերը չեն ցանկանում լքել իրենց տները:

«Մենք՝ հալեպահաերս, ընդհանրապես դեմ ենք տեղահանման: Չենք ուզում տեղահանվել, չեն ուզում Թուրքիայի տարած քաղաքականության հետեւենք: Տեղահանումները Թուրքիայի քաղականության հետեւանքներն են: Երկրորդ տեղահանում կամ երրորդ տեղահանում չենք ուզում ապրենք: մեր լրիվ ունեցվածքները, մեր կալվածքները, մեր արխիվները լրիվ այնտեղ են գտնվում»:

1915 թվականի ցեղասպանությունից հետո Սիրիայում բնակության հաստատված հայերի հիմնական արխիվներն, ի դեպ՝ պահվում էին ամենահին՝ Սուրբ քառասուն մանկանց եկեղեցում, որը «Իսլամական Պետություն» կոչված գրոհայինների կողմից պայթեցվեց շուրջ եկու ամիս առաջ: Հստակ տեղեկություն չկա, բայց ասում են արխիվի մի մասը պահպանվել է:

«Ահաբեկիչները գետնի տակից թունելներ փորելով հասել էին եկեղեցու տակը եւ պայթեցրել էին:  Ճիշտ ասած, արխիվների մի մասը փրկված է: Շշուկներ կան, որ այդ արխիվները պետք է բերվեն Հայաստան, բայց շշուկներ են, չգիտենք, 100 տոկոսով դեռ հայտնի չէ՝ կբերվեն, թե ոչ»:

Արխվիներից բացի հայերը՝ Սիրիայում փորձում են պահպանել ազգային իքնությունը՝ ռմբակոծությունների եւ կրակոցների ներքո երեխաները շարունակում են հաճախել հայկական դպրոց, որոնք չեն դադարել աշխատել: Կիլիկիան վարժարանի տնօրեն Անի Մելքոնյան-Բոյաջյանը պատմում է, թե իչպիսի պայմաններում են աշխատում, հիշում է, որ 4 տարի առաջ, երբ հայկական դպրոցները վտանգավոր գուտում հայտնվեցին որոշում կայացվեց տեղափոխել դրանք ավելի անվանգ վայր, որը մի ակումբ էր՝ առանց լույսի, ջեռուցման եւ այլ հարմարությունների: Իսկ արդեն այսօրվա վիճակի մասին տիկին Մելքոնյան-Բոյաջյանը պատմում է հետեւյալը.

«Ընտանիքների մասին, եթե խոսենք այսօր ավելի վատ վիճակի մեջ ենք: Որովհետեւ երեք տարվա մեջ ժողովուրդը ինչ որ ուներ պահված՝ դրամ կամ թե ուրիշ բան, արդեն ծախել վերջացրել է: Շատ վատ պայմանների մեջ ենք ապրում: Եվ ռմբակոծումներն ավելի են վատանում»:

Այս պայմաններում էլ սիրիահայ աշակերտներն ու ուսանողները շարունակում են ավարտական քննություններ հանձնել, իսկ հայ համայնքը իրեն լքված չի զգում: Վազգեն Մեսրոպյանի փոխանցմամբ հույս եւ հավատ է իրենց մոտ արթնանում, երբ տեսնում են Հայաստանից պաշտոնյաների եւ պատգամավորների պատվիրակությունները այցելում են, հետաքրքրվում, անհանգստանում եւ խնդրի լուծման ճանապարհներ որոնում:

Ցուցադրել ավելի
Back to top button