Հասարակություն

Մեկնարկել է Հայաստան-Արցախ հեծանվային մարաթոնը

karenghazaryan
Այսօր Հանրապետության հրապարակից մեկնարկել է Հայաստան-Արցախ հեծանվային մարաթոնը: Նախաձեռնությունը Սիրողական հեծանվասպորտի եւ հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիան է: «Տուր դը Արցախ 2015» առաջին նախագիծն իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարության անմիջական աջակցությամբ: Նախագծի շրջանակներում հունիսի 7-ին Արցախում կանցկացվի «Արցախի գավաթ» սիրողական հեծանվային սպորտի առաջին մրցաշարը:   Կազմակերպիչները կարծում են, որ միջոցառումը կնպաստի Արցախում հեծանվային մշակույթի եւ հատկապես հեծանվային զբոսաշրջության զարգացմանը:


«Տուր դը Արցախ» առաջին նախագծին մասնակցում է մոտ 60 սիրողական հեծանվորդ: Դեպի Արցախ հեծանվային արշավի նախագծի աջակիցը Հայաստանի պաշտպանության նախարարությունն է, որն ապահովել է անհրաժեշտ տեխնիկական միջոցները, կարգավորել անհրաժեշտության դեպքում բուժօգնության հարցը: Այս մասին տեղեկացրեց Սիրողական հեծանվային սպորտի եւ հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի հիմնադիր-նախագահ Արման Անտոնյանը:

Քանի որ սիրողական հեծանվային արշավ է, դժվարանցանելի ճանապարհները հեծանվորդները կանցնեն նախարարության տրամադրած տրանսպորտային միջոցներով: Հեծանվորդ Նազելին ասաց, որ հանգիստ է եւ այսօր իր համար բացում է հեծանվային տարեշրջանը:

Հեծանվորդներն արշավին մասնակցում են սեփական հեծանիվներով, որոնց տեխնիկական հնարավորությունները եւ արշավին համապատասխանությունը ստուգում է ֆեդերացիան:

Առողջ ապրելակերպը միայն օգուտ է՝ ասաց արշավի մասնակիցներից Արմեն Իսկանդարյանը: Նա Պարսկաստանից է: Տարիներ առաջ 7 օրում Պարսկաստանից Երեւան է հասել հեծանվով: Հանգստացել է միայն 4 օր: Դժվարություններն արդեն ետեւում են:

«Միայն այն էր դժվարը, որ Հայաստանում հայերն ինձ գիշերելու տեղ չէին տալիս: Միայն գիշերելու տեղ էին առաջարկում գոմերում, կովերի կողքին: Չէին վստահում»:

Արմենը չի մեղադրում որեւէ մեկին, ասաց, որ Հայաստանում այդ բոլոր դժվարությունները ժամանակավոր էին՝ գիտեր եւ հաճույքով է հաղթահարել դրանք: Տարիներ են արդեն անցել ու որպես հեծանվորդ իրեն էլ ճանաչում են ու վստահում: Հայաստանում արդեն ապրում է 22 տարի: Այսօր էլ մեծ  ուրախությամբ եւ ակնկալիքներով է մասնակցում Սիրողական հեծանվային սպորտի եւ հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի նախաձեռնած «Տուր դը Արցախ» նախագծին: Արցախում երկու անգամ արդեն եղել է: Հիացած է Արցախի օդով, ջրով, արցախցիների հյուրասիրությամբ:

Սիրողական հեծանվային սպորտի եւ հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի հիմնադիր-նախագահ Արման Անտոնյանի փոխանցմամբ՝ այս նախագծով առաջին քայլերն են կատարում Արցախում հեծանվային մշակույթը զարգացնելու ուղղությամբ: Նա համոզված է, որ հեծանվային զբոսաշրջությունը զարգացնելու լավ հեռանկարներ կան Արցախում եւ պետք է դրանք քայլ առ քայլ օգտագործել:

«Այս առաջին նախագծով պետք է առավելագույնս գեղեցիկ ներկայանանք, որ արդեն 2016-ի «Տուր դը Արցախ» նախագիծը ընդգրկի ավելի շատ մասնակիցներ ոչ միայն Հայաստանից եւ դառնա միջազգային: Մենք տարբեր առիթներով մասնակցում ենք այլ երկրներում հեծանվային նախագծերին եւ ժամանակն է, որ մենք նույնպես հեծանվային զբոսաշրջիկների ընդունենք Արցախում եւ Հայաստանում»:

Ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ հունիսի 7-ին Ստեփանակերտի հրապարակից կմեկնարկի «Արցախյան գավաթ» արշավը, որով կեզրափակվի «Տուր դը Արցախ» նախագիծը:

Ցուցադրել ավելի
Back to top button