Մարսելի քաղաքապետարանում Հայաստանին նվիրված միջոցառումների շարքը կշարունակվի ևս 10 օր


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում երեկ տեղի է ունեցել Մարսելի 9-10 քաղաքապետարանի («Սպտիակ տուն»` «Maison Blanche») շենքի ճակատային մասում ամրացված «1915-2015. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» մակագրությամբ պաստառի հանդիսավոր բացման արարողությունը:
ԱԳՆ հասարակայանության հետ կապերի վարչության հաղորդմամբ, միջոցառմաը ներկա էին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը, Մարսել-Պրովանս-Մետրոպոլ համայնքի նախագահ, պատգամավոր Գի Տեսիեն, Մարսելի 9-10 քաղաքապետարանի քաղաքապետ Լիոնել Ռուայե-Պերոն, Մարսելի 11-12 քաղաքապետարանի քաղաքապետ, պատգամավոր Վալերի Բուայեն, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, փոխքաղաքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ֆրանսիական և հայկական կազմակերպությունների նախագահներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Միջոցառումը սկսվել է Մարսելի Համազգային դպրոցի երգչախմբի «Քեզ համար, Հայաստա՛ն» երգի կատարումով: Բանախոսներն իրենց ելույթներում կարևորել են Հայոց ցեղասպանության ոգեկոչումը, 100-րդ տարելիցի խորհուրդը և նշանակությունը հայ ժողովրդի և միջազգային հանրության համար` արժևորելով Շառլ Ազնավուրի` մեծ հայի և ֆրանսիացու մասնակցությունը և անգնահատելի նվիրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:
Քաղաքապետ Լիոնել Ռուայե-Պերոն Շառլ Ազնավուրին շնորհել է Մարսելի 9-10 քաղաքապետարանի պատվավոր քաղաքացու հուշամեդալ: Այնուհետև տեղի է ունեցել «Սպիտակ տան» այգում տնկված 300-ամյա ձիթենու, որպես խաղաղության խորհրդանիշ, «100-րդ տարելիցի ձիթենի` Շառլ Ազնավուրի կողմից» մակագրությամբ ցուցանակի բացումը:
Միջոցառումը լայնորեն լուսաբանվել է ֆրանսիական մամուլում: Քաղաքապետարանում Հայաստանին նվիրված միջոցառումների շարքը կշարունակվի ևս 10 օր: