Հասարակություն

Հնգամյա երեխայի մահը եւ վերելակների խնդիրը. չլուծված հարցեր

lianaeghiazaryan
Ով է մեղավոր ու որ կառույցն է պատասխանատու մայրաքաղաքում վերելակների վթարային աշխատանքի ու դրա հետեւանքով մահվան դեպքերի համար: Պարզվում է` վերելակների տեղադրման թույլտվությունը տալիս է քաղաքաշինության նախարարությունը, իսկ  արդեն վերահսկողությունը` դրվում տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության վրա: Իսկ երեկվա դեպքը` վերելակի արգելափակման հետեւանքով 5-ամյա երեխայի մահը, ինչի հետեւանք էր:

 

Երեկվանից մամուլն ու սոցցանցերը հեղեղված են Երեւանի Բեկնազարյան փողոցի թիվ 59 հասցեում գրանցված դաժան միջադեպի մասին լուրերով ու հակասական տեղեկություններով: Այսօր արդեն պարզ է` ոչ թե երեխայի գլուխն է մնացել վերելակի դռների արանքում, այլ երեխան մնացել է 2-3-րդ  հարկերի մետաղական կոնստրուկցիաների արանքում: Իսկ  նշված հասցեի վերելակը դռներ չի ունեցել, աշխատել է առանց դռների, ըստ ամենայնի, գործածվելով որպես բեռնատար: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, եւ միայն հիմա պետք է պարզվի, թե ով կամ որ կազմակերպությունն է տեղադրել վերելակը, արդյոք խախտում եղել է, թե ոչ: Բայց այդ տան վերելակը, որը երեկ 5-ամյա երեխայի մահվան պատճառ է դարձել, տեխնիկական պարտադիր փորձաքննության ենթակա օբյեկտներից չէ. այն վերելակները, որոնք տեղադրվում են անհատական տներում եւ հանրային օգտագործման չեն, չեն համարվում վտանգավոր օբյեկտներ, այսպիսի դեպքերում օրենքի կարգավորում չկա, այսօր հայտարարեց տարածքային կառավարման  եւ արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական  անվտանգության ազգային կենտրոնի բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը:

«Այսինքն` մեղադրում են մեզ` չիմանալով օրենքը: Մենք աշխատում ենք օրենքի շրջանակներում»:

Երևանում ներկայում 4301 վերելակ է շահագործվում, դրանց մեծ մասը` խորհրդային տարիների ժառանգություն:  Այս վերելակների օգտագործման ժամկետը 25 տարի է, սա նշանակում է, որ այսօր գործող վերելակների մեծ մասն արդեն տեխնիկապես սպառել է իրեն, բայց շարունակում է օգտագործվել: Միայն այս տարի  փորձաքննությամբ  հաստատվել է` 49 վերելակ իրենից տեխնածին վտանգ է ներկայացնում: Բազմաբնակարան շենքերում եւ հանրային օբյեկտներում վերելակների տեղադրման թույլտվությունը տալիս է քաղաքաշինության նախարարությունը, իսկ  արդեն վերահսկողությունը` դրվում տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական  անվտանգության ազգային կենտրոնի վրա:

Այս կենտրոնի` շարժասանդուղքների, վերելակների,  ճոպանուղիների, կարուսելների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը շեշտում է`  իրենց հսկողության տակ գտնվող վերելակները պարբերաբար վերանորոգվում են: Հովհաննիսյանը վստահեցնում է` եթե վերելակը 25 տարեկան է, դեռ չի նշանակում, թե այն պետք է շահագործումից հանել, քանի որ դրանց թերությունները շտկվում են, փոխվում են սարքավորումները: Բայց այս նույն համատեքստում Հովհաննիսյանը նաեւ խնդիրներից է խոսում` կա վերելակների ճիշտ զննման եւ կառավարման խնդիր, տեխնիկական նոր լավ մասնագետների կարիք, քանի որ այսօրվա մասնագետները հիմնականում 60-70 տարեկան են, երիտասարդներ գրեթե չկան:

Այսինքն` վերելակների վտանգավորության հարցն ամեն դեպքում կա: Բայց այս խնդրում նաեւ բնակիչների մեղքն է առկա կա, շեշտում է ոլորտի մասնագետը` վերելակներն անփույթ են օգտագործում:

«Սահմանվածից ավելի բեռներ են տեղափոխում, դռները ձեռքով սեղմած բաց պահում են ու հարեւաններով իրար հետ զրուցում»:

Ցուցադրել ավելի
Back to top button