Հասարակություն

Հայոց հայրապետն ու Իրանի հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչը մտահոգություն են հայտնել

Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօրընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի` ուխտագնացությունների հարցով ներկայացուցիչ Սեյեդ Ալի Ղազի Ասգյարին։

Ողջունելով Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցչի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ երկու ժողովուրդների պատմական կապերին` մասնավորապես ընդգծելով հարևան երկրների միջև ձևավորված բարեկամության ու փոխհարաբերությունների առավել ամրապնդման անհրաժեշտությունը: Նորին Սրբությունը գնահատանքով խոսեց նաև մշակութային և հոգևոր կրթական ծրագրերի իրականացման գործում Մայր Աթոռի և ԻԻՀ դեսպանատան միջև առկա սերտ համագործակցության մասին:

Իր հերթին Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը հանդիպման համար և փաստեց, որ երկու երկրների միջև կրոնական, քաղաքական և տնտեսական ոլորտներում առկա են ջերմ ու օրինակելի հարաբերություններ, որոնք տարեց տարի առավել զարգանում են: Սեյեդ Ալի Ղազի Ասգյարը գնահատանքով նշեց նաև երկրի կյանքի տարբեր ոլորտներում Իրանի հայ համայնքի ունեցած արժեքավոր դերակատարության մասին:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը մտահոգությամբ անդրադարձան ներկայիս մարտահրավերներին` համաշխարհայնացման գործընթացին, հոգևոր-բարոյական արժեքների անկմանը, ընտանիքի պաշտպանվածության խնդրին, աշխարհում սկիզբ առած ծայրահեղական շարժումներին, որոնք իրենց կործանարար ազդեցությունն են թողնում ողջ մարդկության կյանքում: Ընդգծվեց, որ առանձին երկրներ և հոգևոր-կրոնական հաստատություններ միայնակ չեն կարող դիմագրավել մարդկային կյանքը հուզող այդ մարտահրավերներին, և կարևորվեց համատեղ ջանքերի գործադրումը` ի նպաստ տարբեր ազգերի և կրոնների ներկայացուցիչների խաղաղ ու համերաշխ համակեցության, ինչպես նաև հանդուրժողականության և համագործակցության ոգու զորացման:

Ցուցադրել ավելի
Back to top button