Հասարակություն

Հայերը վերջին երեք հազար տարիներին պահպանել են իրենց մարդաբանական տեսակը

alisagevorgyan
Չնայած բազմաթիվ օտարածին երևույթներին, հայերի գենոֆոնդը էական արտաքին գենետիկական ազդեցության չի ենթարկվել և առնվազն վերջին երեք հազար տարիների ընթացքում հայերը չեն միախառնվել և պահպանել են իրենց մարդաբանական տեսակը: Սույնը պարզել են  Կոպենհագենի համալսարանում կատարված կենսաչափական ու ժառանգաբանական հետազոտություների արդյունքները, որոնք այսօր ներկայացրել է  ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային  կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը:

 

 

Կոպենհագենի համալսարանում ուսումնասիրվել են 101 հնագույն գենետիկական  նմուշներ Եվրասիայի տարբեր շրջաններից: Ուսումնասիրության մեջ առաջին անգամ տեղ են գտել Հայաստանի բրոնզե և երկաթի դարերի տարբեր հնավայրերում պեղված մարդկանց գենետիկ  տվյալները: Ուսումնասիրության նպատակը բրոնզի դարում Եվրասիայի բնակչության գենետիկական նկարագրի վերհանումն էր: Ի՞նչ է պարզվել մասնագետների քանակի, տարածքի և նյութերի ընդգրկման տեսակետից նախադեպը չունեցող գիտահետազոտական ծրագրի իրականացման արդյունքում»:

Ներկայացնում է հետազոտական աշխատանքների անմիջական մասնակից,  ԳԱԱ Մոլեկուլային  կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը.

 

«ՀՀ -ի ներկա տարածքում հայտանաբերված բրոնզեդարյան նյութերն ունեն նույն գենետիկական պատկերը, ինչ ունենք այսօր: Այսինքն՝ հազարամյակներ շարունակ այս տարածքի վրա ապրել ու այսօր էլ շարունակում է ապրել մարդաբանական նույն տեսակը»:

Ի դեպ, տարածաշրջանի երկրներից  այս հետազոտությանը մասնակցել է միայն Հայաստանը: Ինչու, ըստ Եպիսկոպոսյանի, որովհետև չունենք խնդիր և բարդույթ: Համագործակցության առաջարկը մեր արևելյան հարևանը  մերժել է ՝ պատճառաբանությամբ, թե Ադրբեջանում այսօր իրականացվում է էթնիկական  կոնսոլիդացման քաղաքականություն և  նման հետազոտություններով չեն ցանկանում խտրականություն մտցնել  կամ անջրպետ առաջացնել էթնիկ խմբերի միջև:

Ցուցադրել ավելի
Back to top button