Հասարակություն

Գևորգ Մհերյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Ըստ աղբյուրի, քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել սպանությունը բացահայտելու ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացքում հատուկ սուբյեկտ համարվող առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները առերևույթ չարաշահելու վերաբերյալ։

Ոստիկանապետի տեղակալի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նյութերով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում դեռևս 2015 թվականի մարտի 27-ին հարուցվել է նոր քրեական գործ՝ առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով։ Այն անջատվել է առանձին վարույթ և ուղարկվել ՀՀ դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար։

Փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանը սպանվել էր 2009թ-ի փետրվարի 3-ին Երևանի Բարբյուս փողոցի 65 շենքի 7-րդ հարկի միջանցքում` վերելակից դուրս գալուց հետո։ Մհերյանի վրա արձակվել էր 8 կրակոց, որոնցից դիպել էին 5-ը։

Ցուցադրել ավելի
Back to top button