Քաղաքական

Սիրիայի նախագահն ընդունել է հայ խորհրդարանականներին

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն այսօր առավոտյան ընդունել է Հայաստան ­Սիրիա բարեկամության խորհրդարանական խմբի պատվիրակությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հանդիպման ընթացքում հայաստանյան պատվիրակության ղեկավար Տաճատ Վարդապետյանը հաստատել է, որ հայ ժողովուրդը Սիրիայի ժողովրդի կողքին է այն կեղեքիչ իրավիճակում, որին ենթարկվում է ահաբեկչական կազմակերպությունների կողմից: Նա վստահորեն նշել է, որ Սիրիան դուրս կգա պատերազմից` հաղթելով ահաբեկչությանն ու նրան աջակցողներին:

Իր հերթին Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը զուգահեռներ է տարել Սիրիայի և Հայաստանի ժողովուրդների միջև վտանգին բախվելու տեսանկյունից՝ նշելով, որ օսմանցիները, ովքեր իրականացրել են ջարդերը հարյուր տարի առաջ հայ ժողովրդի հանդեպ, իրենց շարունակությունն ունեն այսօր` ի դեմս Էրդողանի ու նրա կառավարության, և սիրիացի ժողովիդի դեմ օգտագործվում են նույն գործիքները` մասնավորապես ահաբեկիչներին:

Նա նաև նշել է, որ խորհրդականները, ովքեր ընտրված են իրենց ժողովուրդների կողմից, կարող են օգտակար գործողություններ ձեռնարկել՝ ճնշում գործադրելով միջազգային հանրության վրա արդյունավետ հակաահաբեկչական քաղաքականություն մշակելու համար և դա ոչ միայն հանուն սիրիացի ժողովրդի, այլ տարածաշրջանի և աշխարհի ժողովուրդների, քանի որ ահաբեկչությունը սահմաններ չի ճանաչում և չի կարող մնալ մեկ երկրի շրջանակներում՝ չտարածվելով մյուսների վրա:

Հանդիպման ընթացքում խոսք է գնացել նաև միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման վերաբերյալ՝ ամրապնդելու երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Դամասկոսում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը և Սիրիայում Հայ­սիրիական բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Բութրուս Մուջանան:

Ցուցադրել ավելի
Back to top button