Հասարակություն

Կունենանք տեղումնառատ եւ համեմատաբար զով ամառ.օդերեւութաբան

lianaeghiazaryan
Տեղումնառատ եւ համեմատաբար զով ամառ. այսպիսին է լինելու եղանակն այս ու առաջիկա երկու ամիսներին, այսօր փոխանցել են հիդրոօերեւութաբանները: Նրանց կանխատեսմամբ` Հունիսին հանրապետությունում առավելագույն շոգը կդիտվի 32-35 աստիճանի սահմաններում, մարզերում այս ամիս չեն բացառվում կարկտահարությունները: Կոտայքի մարզում օրերս գրանցված պտտահողմն, այո, բացառիկ էր մեր երկրի համար, բայց վերջին քամիները առանձնապես նորություն չեն, ասել է ՏԿԱԻՆ Հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Բնապահպան Կարինե Դանիելյանն էլ շեշտել է` ոչ միայն տեղումնառատ, այլեւ օձառատ տարի է սպասվում, «դրանց բազմացման նպաստավոր պայմանների ստեղծման համար մեր իշխանությունը «շնորհակալագրի» է արժանի, իհարկե, օձերի ու կարիճների կողմից»,-կատակել է նա:

 



Ըստ վիճակագրության՝ տաք ձմեռներին, ինչպիսին այս տարի էր, սովորաբար հաջորդում է տեղումնառատ եւ համեմատաբար զով ամառ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՏԿ ԱԻՆ Հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Այս տարի մեզ չի սպասվում շոգ ամառ, այն լինելու է ավելի մեղմ, քան նախորդ տարիներին: «Այս մայիսին տեղումների քանակը եղել է նորմայից ավելի: Ունեցել ենք կարկտահարության 10 դեպք: Հունիսը եւս հանրապետության տարբեր հատվածներում անկայուն կլինի, ասաց Գագիկ Սուրենյանն ու մանրամասնեց` Երևանում այս ամիս սպասվում է միջինում 21-22 աստիճան տաքություն: Ամսվա առաջին կեսին հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 7-10 աստիճան:

Հունիսին հանրապետությունում առավելագույն շոգը կդիտվի 32-35 աստիճանի սահմաններում, ամենաբարձր ջերմաստիճանը սպասվում է Սյունիքում, Վայոց ձորում, Արարատյան դաշտավայրում, Արմավիրում և Արագածոտնի նախալեռներում, իսկ  տեղումների քանակն ավելի մեծ կլինի ամսվա առաջին կեսին: Մարզերում չեն բացառվում կարկտահարությունները, ինչպես գրեթե բոլոր տարիներին: Կոտայքի մարզում վերջերս գրանցված պտտահողմին անդրադառնալով` Սուրենյանը նշեց, որ մինչև հիմա չի հաջողվում պարզել` ինչի հետևանքով դա առաջացավ:

Բնապահպան,  «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանն իր հերթին տեղեկացրեց` իրենք պատրաստել ու կառավարություն են ներկայացրել նոր հայեցակարգ` 11 ուղղություններով ու 3 մասից բաղկացած: Այստեղ նախ գնահատվել է երկրում առկա էկոլոգիական վիճակը, ներկայացվել են օրենսդրական կարգավորումներն ու բացերը, ապա եւ` առաջարկներ: Այդ առաջարկների շուրջ ընդհանուր հայտարարի գալը շատ դժվար է տրվել, երկար բանավեճերից ու հակադիր բեւեռների տեսակետերի բախումներից հետո: Այդուհանդերձ, հայեցակարգը կա ու նոր լուծումներ է առաջարկում ընդերքօգտագործման, պոչանքի վերամշակման, ՓՀԷԿ-երի գործունեության ու թույլտվության մասով եւ ոչ միայն: Արդյոք ուշ չէ, հետաքրքրվեցինք, չէ որ արդեն բնությունը վնասող ՓՀԷԿ-երի տասնյակ ու հանքերի հարյուրավոր թույլտվություններ կան:

Բնապահպանը շեշտեց, որ իրենք հաճախ են բարձրացնում այն հարցը, թե ինչու այդպես էլ որեւէ պատժի չեն արժանանում բնությունը լրջորեն վնասողերը, երբ, օրինակ, Վայքում ՓՀԷԿ-ի` Արփա գետից թույլատրելիից ավելի ջրի թողքի օգտագործման պատճառով փլուզվեց միջպետական ճանապարհի մի ամբողջ հատված:  Նման հարցերը շատ հաճախ անպատասխան ու անհետեւանք են մնում, բայց այս դեպքում Կարինե Դանիելյանն ունի հարցի պատասխանը: Մեր դժբախտությունն այն է, որ մեր բիզնեսը եւ իշխանությունը սերտաճած են, որին ձեռք տաս, հենց իրենք են, ասում է:

Վերադառնալով կոնկրետ էկոլոգիական խնդիրներին` Կարինե Դանիելյանը նկատեց, որ օրերս Միացյալ Նահանգներում  գրանցված «սարդերի անձրեւը» մեզ գոնե հիմա դեռ չի սպառնում մեր ունեցած դեղին անձրեւներից հետո, բայց նոր սպառնալիք են դարձել օձերն ու կարիճները: Այս հարցով մշտապես լրջորեն ահազանգող բնապահպանն այսօր հումորով նկատեց, թե թունավոր այդ կենդանիները կարող են շնորհակալական հռչակագիր ուղղել մեր իշխանություններին իրենց բազմացման ամենաբարենպաստ պայմանները ստեղծելու համար: Այսօր փրկարար ծառայությունն ամեն օր օձեր նկատվելու մասին ահազանգեր է ստանում անգամ մայրաքաղաքի կենտրոնից:

Ցուցադրել ավելի
Back to top button