Քաղաքական

Թուրքական արխիվային փաստաթղթերին ծանոթանալու բոլոր հնարավորությունները սպառված են

alisagevorgyan

«Օրինական ճանապարհով թուրքական արխիվային փաստաթղթերին  ծանոթանալու բոլոր հնարավորությունները սպառված են: Սիրողական կամ ակադեմիական մակարդակով այս հարցին մոտենալն անիմաստ է: Հայկական պետությունը պետք է փնտրի ու գտնի այդ փաստաթղթերին ծանոթանալու  այլ ճանապարհներ»,- այսօր հայտարարել է քաղաքագետ Էդիկ Հովսեփյանը։

«Եթե որևէ հայ գիտնական հայտարարի, թե այսօր կարող է գնալ թուրքական պետական արխիվի նոր շենք ու այնտեղ ստանալ որևէ փաստաթուղթ՝  ծանոթանալու համար, ես նրանից  ներողություն կխնդրեմ»,- հայտարարում է քաղաքագետ Էդիկ Հովսեփյանը: Ըստ նրա՝ որքան էլ Թուրքիան հայտարարի իր արխիվների թափանցիկության մասին ու հայկական կողմին հրավերներ ուղղի դրանք միասին ուսումնասիրելու, միևնույնն է, այսօր արդեն ակնհայտ է, որ օրինական ճանապարհով թուրքական արխիվային փաստաթղթերին  ծանոթանալու բոլոր հնարավորությունները սպառված են:

«Հայ- թուրքական արձանագրությունները կազմելուց հետո Թուրքիան իր պետակա արխիվը դրեց ազգային անվտանգության ծառայության վերահսկողության ներքո և տեղափոխեց նոր շենք՝ բոլոր փաստաթղթերը կենտրոնացնելով այս շենքում»,- ասում է քաղաքագետը։

Պետական արխիվի նոր շենք է տեղափոխվել 300 հազար պարկ փաստաթուղթ, դրանք միլիոնների հասնող արխիվային նյութեր են, որոնց օրինական ճանապարհով ծանոթանալու բոլոր հնարավորությունները, ըստ քաղաքագետի , հայկական կողմի համար սպառված են:

«Սրանից հետևում է, որ հայերի հետ կապված բոլոր փաստաթղթերը գտնվում են  Թուրքիայի ազգային անվտանգության վերահսկողության ներքո, ուստի սիրողական կամ ակադեմիական մակարդակով այս հարցին մոտենալն անիմաստ է»,- ասում է Էդիկ Հովսեփյանը:

Նրա  համոզմամբ՝  հայկական պետությունը պետք է փնտրի ու գտնի այդ փաստաթղթերին ծանոթանալու  այլ ճանապարհներ: Իսկ ի՞նչ ենք փնտրելու այդ փաստաթղթերում. իհարկե ոչ հարցի պատասխանը՝ ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ: Ըստ քաղաքագետի՝ դրանք մեզ հնարավորություն  կտան հստակեցնելու ՝ ինչ ենք թողել Թուրքիայում և ինչ ենք նրանից պահանջելու։

«Արդյո՞ք Օսմանյան կայսրության 700 տարիների ընթացքում հայերը ոչինչ չեն ստեղծել այս երկրում և որևէ ժառանգության կրող չեն հանդիսանում»,- ըստ քաղաքագետի՝ աշխարհին ներկայացնելու համար հարցերի պատասխանները պետք է փնտրել ու գտնել նաև  արխիվային փաստաթղթերում։

Ցուցադրել ավելի
Back to top button