Տնտեսական

Թանկացումը չի նշանակի, որ էլցանցերը գումարները արդյունավետ կծախսեն

karenghazaryan

Էլցանցերում տիրող վիճակի եւ դրանով պայմանավորված էլեկտրաէներգիայի գնի բարձրացման խնդրին են այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել տնտեսագետ Վարդան Բոստանջյանն ու ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Վարդան Բոստանջյանը շեշտել է, որ ստեղծված իրավիճակը վատ կառավարման արդյունք է՝ հավելելով, թե չկա վստահություն, որ սակագնի բարձրացման դեպքում էլ գումարներն արդյունավետ կծախսվեն ու, ասենք, մեկ տարի անց էլ նույն խնդիրներն առաջ չեն գա: Հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի համոզմամբ՝ ներկայիս իրավիճակը պարտադրում է, որ կառույցի հետագա գործունեության նկատմամբ ավելի խիստ վերահսկողություն լինի:

Բարդ կառույցները պահանջում են համարժեք վերահսկողություն եւ շահագործում, հետեւողական արդիականացում: Վարդան Բոստանջյանը կարծում է, որ Էլցանցերում դա բացակայել է, ինչի արդյունքում էլ կա այն, ինչ ունենք՝ արդիականացման համար հատկացված գումարները նպատակին չեն ծառայել: «Պետք է պատասխանատվության ինստիտուտներ սահմանվեն. ո՞ւր են այդ գումարները: Այդ ուղղությամբ ուղղված 250-300 մլն դոլարին համարժեք գումար հօդս է ցնդել: Այս պարագայում բնակիչը, քաղաքացին իր ուսերի վրա պիտի կրի այն»,- ասում է տնտեսագետը։

Որ համակարգի արդիականացմանը այլընտրանք չկա՝ Բոստանջյանը չի կասկածում: Նման կերպ սակագնի թանկացման հիմնավորումները ինքն էլ կարող է արդարացված համարել, սակայն՝ ո՞վ է մեղավորը նման իրավիճակի համար: Այս հարցին պատասխան տվող չկա: Վերջապես պե՞տք է հանրապետությունում աշխատի պատժի ինստիտուտը, հարցնում է տնտեսագետը: Բացի այդ՝, Բոստանջյանը կարծում է, որ եթե հիմա գոտիները ձգվեն ու անխուսափելի թանկացումն էլ լինի, միեւնույնն է, չկա վստահություն, որ այդ գումարները կարող են ծառայել իրենց նպատակին:

Տնտեսագետը կարծում է, որ անհրաժետ է անգամ մտածել համակարգի ազգայնացման մասին: Հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, փոխանցելով, որ փակ նիստ արեցին՝ հասկանալու համար ամբողջ իրավիճակը, հավելեց, որ հստակ է մի բան՝ եղած գումարները նպատակային չեն օգտագործվել:

Ու՞ր են գնացել այդ գումարները եւ ինչպե՞ս՝ այսօր դժվար է ասելը, սակայն, դա կարելի է պարզել: «Առաջնայինը տեխնիկական վերազինման հարցն է, սակայն եթե հարցնելու լինենք, թե հետագայում դուք դեպի զարգացում կգնա՞ք, այլեւս չի՞ լինի նման բան՝ այս հարցին չի կարողանա պատասխանել: Սա է ամենավատ բանը: Այսինքն՝ եթե հարկավոր գումարները մենք ծախսենք էլ՝ նա չի կարողանա ասել, որ սրանից հետո հոսանքը կէժանանա»:

Հանրապետական պատգամավորի խոսքով՝ համակարգի աշխատանքի կազմակերպման մեջ կան լուրջ թերություններ, որոնք եւ ավելի շատ վնաս են բերում: Ստեղծված իրավիճակում, հանրապետական պատգամավորի խոսքով, ինչ վերջնական լուծում կտրվի՝ մանրազնին ուսումնասիրություններից հետո հստակ կլինի: Մի բան, սակայն, պարզ է՝  այդ ամեն ինչը պարտադրում է, որ կառույցի հետագա գործունեության նկատմամբ շատ ավելի խիստ վերահսկողություն լինի:

Ցուցադրել ավելի
Back to top button