Հասարակություն

Հայաստանը պետք է զբոսաշրջային նոր արտադրանքով ներկայանա. Ռոբերտ Մինասյան

lianaeghiazaryan
Այսօրվա տուրիստին նոր բաներով է պետք զարմացնել, իսկ դրա համար Հայաստանը պետք է զբոսաշրջային նոր արտադրանքով ներկայանա: Այս դիտարկմանն է Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը, ով այսօր ներկայացրել է Հայաստանի ինքնությունը ավելի ցայտուն ներկայացնելու իր տարբերակը:

 

Հայաստանը տուրիզմի համար է ստեղծված, բայց մենք այսօր դեռ Հայաստանը ճանաչելի դարձնելու խնդիրն ենք փորձում լուծել,  ասում է Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը ու հայտարարում` պետությունը պետք է կարգավորիչ դեր ունենա: Ով ինչ ասես չի պատմում Հայաստանի մասին: Մարդիկ ուզում են գալ, բայց շատ բան է խանգարում` գները բարձր են, լավ պատրաստված գիդեր չկա, բուկլետ չկա եւ այսպես շարունակ: Այսօր տուրիզմը հարկային դաշտում չէ, ով ոնց ուզում, աշխատում է: Ոլորտի ազատականացումը, սակայն, այսպես չի լինում, ասում է Մինասյանը: Վերջին յոթ տարիների ընթացքում, իհարկե, տուրիզմի  զարգացման առումով բավական մեծ աշխատանք է տարվել, սակայն կան նաև հրատապ խնդիրներ, որոնք լուծում են պահանջում:

Այս տարի տուրիզմի ոլորտում շատ բան փոխվեց նաեւ Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում, գումարած` Քարդաշյանի ու շատ հանրահայտ անձանց այցը: Բայց  ցածր մակարդակի վրա է մեր գիդերի պատրաստվածությունը: Այս գործով զբաղվողները չեն կարող մի քանի ամիս ուսուցում անցնել ու գործը լավ կատարել: Դրա համար բարձրագույն կրթություն է պետք` պատմության, աշխարհագրության, լեզուների իմացություն, գիտելիքներ` ճարտարապետությունից, ասում է Բանախոսը: Հայաստանում ունենք Տուրիզմի հայկական ինստիտուտ, բայց, ի պատասխան «Ռադիոլուրի» հարցման, նույն այդ ինստիտուտի ռեկտորն ասում է, որ անգամ այս կառույցն իր առջեւ չի դրել գիդերի պատրաստման հարցը որպես նպատակ:

Ռոբերտ Մինասյանը փոխանցում է աշխարհին Հայաստանի ինքնությունը նորովի ցույց տալու իր առաջարկը: Բանախոսը վստահ է` մեր զբոսաշրջային հեղինակությունը կշահի, եթե մենք հայտարարենք, որ առաջին «տուրիստը» եղել է Նոյը, իսկ առաջին «տուրօպերատորը»` Աստված: Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտորը շեշտում է` ինքը չի կատակում ու համոզված է, որ սա կարող է լինել մեր հաղթաթուղթը:

Հիշեցնեմ, որ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչությունն իր հերթին է աշխատանքներ տանում Հայաստանի զբոսաշրջային բրենդի ստեղծման ու նոր armenia.travel պորտալի բացման ուղղությամբ։ Ինչը կամ ինչպես է ներկայացվելու որպես մեր երկրի բրենդ, դեռ չի ասվում: Գաղտնիք չէ, պարզապես դեռ վաղ է ասել. նշում է նշված վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Թե որքանով կարդարանան Մինասյանի ու Ապրեսյանի սպասելիքները, դեռ դժվար է ասել:  Քանի որ արդեն շատ են օրինակները, երբ հայտարարված ու խոստացված ծրագրերը կամ լիովին չեն իրականացվել, կամ էլ սպասված արդյունքը չեն տվել` սկսած չարաբաստիկ բիոզուգարաններից, ավարտված ավելի գլոբալ հարցերով:

Իսկ սրան զուգահեռ պետք է շեշտել` մինչ զբոսաշրջության զարգացման պատասխանատու պետական գերատեսչություններն ամեն տարի հպարտորեն ներկայացնում են աճի ցուցանիշեր, միջազգային գնահատումներով Հայաստանը զբոսաշրջության մրցունակությամբ զիջում է իր դիրքերը: «2015թ. զբոսաշրջության մրցունակության զեկույցը», որը կազմում է Համաշխարհային տնտեսական ֆորումը, այս տարի Հայաստանը դասել է 89-րդ տեղում 141 երկրների շարքում. 2013թ. համեմատ սա 10 կետով հետընթաց է մեր երկրի համար:

Ցուցադրել ավելի
Back to top button