ԿարևորՔաղաքական

Հայաստանը շարունակելու է համագործակցությունը ՄԽ հետ՝ ձգտելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Իվիցա Դաչիչին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նախագահը բարձր է գնահատել ԵԱՀԿ գործունեությունը և դերակատարումը ոչ միայն որպես ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող հիմնական կառույցի, այլ նաև ամբողջ Եվրոպայում անվտանգության պահպանմամբ զբաղվող կազմակերպության: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է մշտապես աջակցելու Սերբիային՝ ԵԱՀԿ-ում նրա նախագահության ամբողջ ընթացքում՝ սերբական առաջնայնությունների իրականացման գործում:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ առկա արդյունավետ համագործակցության մասին՝ նշելով, որ մեր երկիրը ցանկություն ունի այդ համագործակցությունը շարունակել և խորացնել:

Հանրապետության նախագահը Իվիցա Դաչիչի հետ քննարկել է նաև հայ-սերբական երկկողմ հարաբերությունների օրակարգը և զարգացման հեռանկարները:

Սերժ Սարգսյանը խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել բարեկամ Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին և ընդգծել, որ ս.թ. ապրիլի 24-ին նրա ներկայությունը Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը, ոչ միայն հայ-սերբական բարեկամության լավագույն արտահայտությունն էր, այլ նաև Սերբիայի հանձնառության վերահաստատումը՝ պայքարելու մարդկության հանդեպ հանցագործությունների դեմ:

Հանդիպմանը զրուցակիցները համակարծիք են եղել, որ Երևանում և Բելգրադում դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը նոր խթան կհաղորդի հայ-սերբական բարեկամական հարաբերություններին բոլոր ոլորտներում:

Իվիցա Դաչիչը շեշտել է, որ Սերբիան ևս շահագրգռված է ամրապնդելու Հայաստանի հետ հարաբերությունները և որոշակի քայլերով ու փոխշահավետ ծրագրերի իրագործմամբ զարգացնել երկկողմ փոխգործակցությունը:

ԵԱՀԿ գործող նախագահը բարձր է գնահատել Հայաստանի իշխանությունների և ԵԱՀԿ տարբեր կառույցների, այդ թվում ՝ կազմակերպության երևանյան գրասենյակի համագործակցությունը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ԼՂ հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին, բանակցային գործընթացի ներկա փուլում առկա խնդիրներին և տարածաշրջանի մարտահրավերներին:

ՀՀ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է համագործակցությունը Մինսկի խմբի հետ՝ ձգտելով հիմնախնդրի կարգավորման՝ այն սկզբունքների ներքո, որոնք առաջարկել է Մինսկի խումբը՝ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնադրույթների հիման վրա:

Ցուցադրել ավելի
Back to top button