Հասարակություն

Իսլամական պետության զինյալների գործողությունները՝ մտահոգությունների առիթ

karenghazaryan
Թուրքիայի սահմանների ուղղությամբ Իսլամական Պետության դիրքերի ամրապնդման եւ Սիրիայում մեր հայրենակիցների դրության վերաբերյալ մտահոգություններով են այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսվել արաբագետ Սարգիս Գեւորգյանն ու «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը:

 

Սիրիայի հյուսիսում Իսլամական պետության զինյալների գործողությունները լուրջ մտահոգությունների առիթ են դարձել աշխարհի համար, եւ արաբագետ Սարգիս Գեւորգյանը կարծում է, որ կոալիցիոն ուժերի կողմից չեն բացառվում ցամաքային որոշակի գործողությունները:

«Բավական լուրջ զարգացումներ կան եւ հիմա էլ շարունակվում են: Հետագան ցույց կտա, թե ինչեր կարող են լինել: Չմոռանանք, որ ժամանակին նաեւ տնտեսական պրոյեկտներ կային, որոնք նույնպես այս հատվածի հետ էին կապված՝ եւ դեպի Միջերկրական ծով ելքը, եւ դեպի Թուրքիա գազամուղն ու խողովակները… Այնպես որ՝ բոլորի ուշադրությունը, կարելի է ասել, կենտրոնացած է այստեղ»:

Շարունակվող վտանգավոր զարգացումներին զուգահեռ՝ մեծանում են մտահոգությունները կապված սիրիահայ մեր հայրենակիցների հետ: «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը նկատեց, որ մայիսն ամենածանր ամիսն էր մասնավորապես հալեպահայերի համար: Ըստ նրա՝ որոշ հաշվումներով Հալեպում մնացել է 7 հազար հայ՝ նախկին 35 հազարից:

«Մնացել են տարբեր պատճառներով: Մի մասը, որ ունի մեկ հատ խանութ, տուն եւ այլն, գիտի, վստահ է, որ իրենց բացակայության ժամանակ անպայման կկողոպտվեն եւ նրանք կզրկվեն վերջին միջոցներից: Երկրորդ մասը այն մարդիկ են, որոնց երեխաները սիրիական բանակում են՝ պարտադիր ծառայության մեջ: Այդ ընտանիքները չեն կարող, փաստորեն, թողնել իրենց երեխաներին եւ դուրս գալ»:

Չնայած՝ վերջին 10 օրերին այնտեղ խաղաղ է, սակայն, շատերի կարծիքով, դա նման է փոթորկից առաջ տիրող խաբուսիկ խաղաղության: Հակոբ Ավետիքյանը կարծում է՝ տրամաբանական է, որ Հայաստանի իշխանությունները շատ զգուշավոր են: Արաբագետ Սարգիս Գեւորգյանի խոսքով՝ Հայաստանը պետք է լուրջ ու հեռագնա աշխատանքներ կատարի Սիրիահայերի խնդրով: Արաբագետը ճիշտ համարեց, որ հենց ներկայիս վտանգավոր իրավիճակում Հայաստանի արտգործնախարարն այցելեց Սիրիա եւ հանդիպումներ ունեցավ:

Ցուցադրել ավելի
Back to top button