Տնտեսական

Ինչ է կատարվում Հայաստանի էներգետիկ համակարգում

lenabadeyan
Գազամատակարարման ոլորտն ուսումնասիրող Աժ ժամանակավոր հանձնաժողովի անդամ պատգամավոր Արամ Մանուկյանը այդ հանձնաժողովի գործունեության ժամանակվանից ինքն իրեն անվանում է «գազի մարդ»: Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման ֆոնին պատգամավորը նոր բացահայտումներ է անում, որը մի կողմից մի պաշտոնյան ընդունում է, մյուսը՝ կտրականապես հերքում: Այս օրերին բոլորն են փորձում իրենց ունեցած տեղեկություններ հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանի էներգետիկ համակարգում:


Ինչու հանկարծ պատահեց այնպես, որ ավանդաբար Վրաստանին էլեկտրաէներգիա վաճառող Հայաստանը հանկարծ ինքը սկսեց գնել էլեկտրաէներգիա Վրաստանից: Պատգամավոր Արամ Մանուկյանի տվյալներով ամեն տարի Հայաստանը Վրաստանին վաճառել է միջինացված 270 միլիոն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա: Անցյալ տարի պատկերը փոխվել է՝ 72 միլիոն կիլովատ ժամ մենք ենք գնել Վրաստանից, իսկ այս տարի արդեն կրկնակի՝ 140 միլիոն կիլովատ ժամ:

Պատգամավորը պնդում է, որ 21 դրամով ենք Վրաստանից գնում այդ էլեկտրաէներգիան. այս ու նաեւ մյուս տվյալները կտրականապես հերքում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ասում է պայմանագրով միայն «ֆորսմաժորային» իրավիճակում ենք օգտվելու նման հնարավորությունից:

«Ինգուրի» ՀԷԿ-ը հեղեումների ժամանակ այնքան հոսանք է արտադրում, որ չեն իմանում՝ որտեղ տեղավորեն: Մեզ նույնիսկ առաջարկում են էլեմենտար, չնչին գներով, որպեսզի այդ ջուրը չթափեն: Մեզ չեն տալիս հիմա, ոչ եւ ոչ: Չկա նման բան, ինձ եք հարցրել, ես պատասխանում եմ, եթե սուտ եմ ասում, ես ձեզանից ներողություն կխնդրեմ»:

Զարմանալի է, բայց Ռոբերտ Նազարյանը, հավանաբար, չէր լսել նույն հարցին էներգետիկայի փոխնախարար Արա Սիմնոյանի պատասխանը, ով բոլորովին կտրուկ չէր այս հարցում:

«Անհրաժեշտության դեպքում վաղն էլ, մյուս օրեն էլ, եթե մենք հնարավորություն ունենանք Վրաստանից գնելու էլեկտրաէներգիա ավելի էժան, քան մեր ջերմային էլեկտրակայանների արտադրանքն է, իսկ այդ ձեր ասած դեպքերում  շատ ավելի էժան է եղել, քան այդ արտադրանքն է, բնականաբար, մենք նման գործարքը միայն պետք է ողջունենք»:

Խորհրդարանի «գազի մարդ»-ը՝ պատգամավոր Արամ Մանուկյանը, բացահայտում է մեկ այլ տվյալներ: Նախկինում Հայաստանի հոսանքի մոտավորապես 20-22 տոկոսն էր արտադրվում գազից, վերջին տարիներին հոսանքի արտադրման մեջ գազի մասնաբաժինը բարձրացել է մինչեւ 42-44 տոկոս: Սա, բնականաբար իր ազդեցությունն է ունենում սակագնի վրա: Ռոբերտ Նազարյանն այս հարցին էլ կցկտուր է պատասխանում, ասելով, թե կոռեկտ չէ այլ երկրների հետ համեմատել էլեկտրաէներգաիայի արտադրության մասնաբաժինները: Էներգետիկայի փոխնախարարը պատգամավորի հարցին ավելի հիմնավոր է պատասխանում:

«Հոսանքը, որը ստացվում է գազից շուրջ 5-6 անգամ ավելի թանկ է, քան Որոտանի, Սեւանի, ԱԷԿ-ի, փոքր ՀԷԿ-երի արտադրած հոսանքի սակագները»:

Հիդրոէլեկտրակայաններով արտադրվել է այնքան էլեկտրաէներգիա, որքան հնարավորություն ունեն տվյալ տարվա հիդրոռեսուրսները, լրացվել է ատոմային էլեկտրակայանով եւ միայն այն վերջին չբարարաող մասն է, որը միշտ լրացվում է ջերմային էլեկտրակայանների արտադրանքով: Երբեք որեւէ մեկը չի կարող արձանագրած լինել, որ մեզ մոտ էժան ռեսուրսի փոխարեն արտադրվել է էլեկտրաէներգիա ավելի թանկ ռեսուրսներով:Հիմա հիմնավորումների մասին, թե ինչու պետք է թանկանա էլեկտրաէներգիայի սակագնիը: Որպես կանոն պաշտոնյաները վկայակոչում են սակավաջուր տարին: Այս դեպքում արդեն պատգամավոր Արամ Մանուկյանն է կտրականապես մերժում այդ պատճառաբանությունը:

«Այն հեքիաթը, որ ներկայացվում է, թե անցած տարիները ջրառատ չեն եղել  ես ունեմ անցյալ տարիների պտոնական թվերը, ջրառատության, տեղումների մասին, ինչն ամենեւին չի ասում, այն ինչ որ ձեր նախարարը ներկայացնում էր»:

Սակագնի բարձրացման պատճառաբանումներից մեկն էլ այն է, թե դոլար-դրամ փոխարժեքի տատանումն է ունեցել իր ազդեցությունը: Սակագնի հաշվարկման հիմքում փոխարժեքը ներկայացված է 407 դրամ, իսկ այսօր արդեն այն կազմում է 480-481:  Ի դեպ՝ ՀԷՑ-ի ղեկավարության ներկայացրած թանկացումների հայտի մեկ հիմնավորումն ընդհանրապես հօդս է ցնդել: ՀԷՑ-ը հայտում գրել, թե 3.6 մլրդ-ի ցեմենտ են գնել ու սարքեր-սարքավորումներ, կասկածներից հետո հայտարարել էին՝ սխալմունք է, վրիպակ: Տարան հինը, բերեցին նոր հայտը, որտեղ այդ 3.6 մլրդ-ից մնացել է 0: Ռոբերտ Նազարյանն այս փաստն արդեն հաստատել է Աժ-ում:

Ցուցադրել ավելի
Back to top button