ԵԱՀԿ գործող նախագահն ու ԼՂՀ նախագահը հանդիպել են Երեւանում


Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 3-ին Երեւան քաղաքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչի հետ։ Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա- ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր, հայտնում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Նախագահ Սահակյանը նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ ընդգծել բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնման անհրաժեշտությունը՝ այն համարելով գործընթացի առանցքային բաղադրամասերից մեկը:
Երկրի ղեկավարը նաեւ մատնանշել է Ադրբեջանի կողմից վարվող խիստ ապակառուցողական քաղաքականությունը՝ Բաքվի պահվածքը որակելով որպես տարածաշրջանում կայունության սպառնալիք, միջազգային նորմերի ու սկզբունքների կոպիտ ոտնահարում:
Հանդիպմանը մասնակցում էին արտգործնախարար Կարեն Միրզոյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք: