Սպորտ

Բլատերի անակնկալ հրաժարականը նոր հարցեր է առաջացնում

ՖԻՖԱ-ի շուրջ անցյալ շաբաթ ծագած սկանդալից հետո երկրորդ աղմկահարույց տեղեկությունը հայտնվեց նախօրեին. Յոզեֆ Բլատերը կառույցի նախագահի պաշտոնում վերընտրվելուց ընդամենը մի քանի օր անց հայտարարեց հրաժարականի մասին:

Բլատերը մեկնաբանել է ֆուտբոլային աշխարհում շատերի համար անակնկալ դարձած իր որոշման դրդապատճառները: «Հակառակ ընտրությունների արդյունքներին՝ ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ շատերը չեն սատարում իմ մանդատին և հաղթանակին:Ուստի ես կհրավիրեմ ՖԻՖԱ-ի նոր կոնգրես՝ ընտրելու ինձ փոխարինող: Ես չեմ առաջադրվի, կկենտրոնանամ անհրաժեշտ բարեփոխումների վրա»,- ասել է ՖԻՖԱ-ի ղեկավարը:

Զեպպ Բլատերի հրաժարականից ժամեր անց ամերիկյան լրատվամիջոցները հայտնեցին, որ նրա գործունեությունը ևս հայտնվել է ամերիկյան իշխանությունների ուշադրության կենտրոնում՝ կոռուպցիոն ընդհանուր գործի շրջանակներում: New York Times-ի և ABC News-ի հաղորդած այս տեղեկությունը Հետաքննությունների դաշնային բյուրոյից մեկնաբանել հրաժարվել են:

Մոսկվան նախօրեին՝ Բլատերի հրաժարականից հետո, խոստացել էր մեկնաբանել տեղի ունեցածը:Այսօր Կրեմլի մամուլի խոսնակը հայտարարել է, որ փաստը Ռուսաստանի իշխանությունների համար անականկալ էր, իրենք տեղեկություններ չունեն պատճառների մասին, բայց Մոսկվան շարունակելու է աշխատել նրա հետ մինչև նոր ղեկավարի ընտրությունը։

«Բլատերի հրաժարականը չի խանգարում Մոսկվային պատրաստվել 2018 թվականի աշխարհի առաջնությանը»։- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:Պատասխանոլով հարցին, չունե՞ն արդյոք Ռուսաստանի իշխանությունները մտավախություն, որ ՖԻՖԱ-ի նոր ղեկավարը կարող է վերանայել հաջորդ աշխարհի առաջնությունը Ռուսաստանում անցկացնելու որոշումը, Պեսկովը խորհուրդ է տվել առաջ չընկնել իրադարձություններից։

Հավելենք, որ Ինտերպոլը հետախուզում է հայտարարել ՖԻՖԱ-ի ևս վեց չինովնիկների նկատմամբ:

Back to top button