Միջազգային

Ռուսաստանում լրտեսության գործերով կալանավորվածներ կան, դրանց թվում՝ հավանաբար հայեր

Ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունն  այսօր տեղեկություն է  հրապարակել պետական դավաճանության եւ լրտեսության փաստով քրեական գործերի հետաքննության մասին, որոնց պաշտոնական հաստատում դեռ չկա։

Այս գործերից երկուսով հավանաբար անցնում են նաեւ հայեր։ Այսպես՝ գործակալության աղբյուրը նշում է, որ 2014 թ. Կրասնոդարի երկրամասում կալանավորպվել է ոմն Նահատակյան։ Հատուկ ծառայությունները զինվորականին մեղադրում են պետական դավաճանության մեջ։ Քանի որ նա վատ է տիրապետում ռուսերենին, դատական նիստերն ու քննչական գործողություններն անցնում են թարգմանչի մասնակցությամբ, հայտնել է աղբյուրը։

Ըստ նրա՝ «ցավոք զինծառայողները հաճախ են անցնում նման գործերով»։ Ձերբակալությունների ալիքը նկատվում է տարբեր հակամարտությունների ժամանակ։ Շատերը կալանավորվել էին նաեւ ռուս- վրացական հակամարտության ժամանակ, նրանց դատավճիռներն արդեն օրինական ուժ են ստացել։

«Ինտերֆաքսի» նույն աղբյուրը հայտնում է նաեւ հայրենիքի հնարավոր դավաճանության եւս մեկ գործի մասին։  Սոչիի բնակիչը՝ Քեսյան ազգանունով, կալանավորվել է Ձմեռային օլիմպիական խաղերի փակումից մեկ օր հետո։ Անցել է արդեն մեկ տարի, սակայն Քեսյանի մասին չեն հաղորդել ոչ Անվտանգության դաշնային ծառայության մամուլի ծառայությունը, ոչ տեղական ԶԼՄ- ները, հայտնում է «Ինտերֆաքսը։

Ի դեպ՝ Օլիմպիադայից առաջ եւ դրա ժամանակ եւս մի քանի ձերբակալություններ են եղել՝ պետական անվտանգության դեմ հանցագործությունների գործով, նշել է գործակալությունը։

Back to top button