Հասարակություն

Եզդերենի ուսուցումն Արմավիրի դպրոցներում

satikisahakyan

Մտնելով Արտաշար գյուղի  հանրակարթական դպրոցի եզդերենի ուսուցման խմբակ իմ վատ եզդերենով ողջունեցի աշակերտներին, որոնք արդեն 4-րդ տարին է գյուղի դպրոցում սովորում են իրենց մայրենի լեզուն:  Արտաշարի միջնակարգ դպրոցի տնօրեն Հասմիկ Սրապիոնյանի տեղեկացմամբ դպրոցի  179 աշակերտից 94 եզդի է, որից 60 աշակերտ սովորում է եզդերենի խմբակում: Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի Խարտիայի համաձայն Արմավիրի մարզի հանրակրթական մի քանի դպրոցներում ուսուցանվում է ազգային փոքրամասնություն կազմող էթնիկ համայնքների մայրենի լեզուն:

Ազգային փոքրամասնությունների լեզվի ուսուցումը կազմակերպվում է դպրոցական  խմբակներում: Արմավիրի մարզի 8 դպրոցում գործում է եզդիական  խմբակ, մեկ դպրոցում էլ՝ ասորական: Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպրոտի վարչության պետ Գայանե Սայադյանը տեղեկացրեց, որ  եզդերենի  ուսուցման նպատակով մարզում մասնագետների պակաս կա: Ուսուցիչները  ութնամյա և իննամյա կրթությամբ են: Նրանք դպրոցում, որպես ուսուցիչ  աշխատանքի են ընդունվում արտոնյալ պայմաններում, սակայն չունեն ծրագիր, աշխատանքային պլան, պարզապես լրացնում են գրանցամատյանն ու անցկացնում դասը:

Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի  դպրոցում սովորում է շուրջ 40 եզդի աշակերտ, սակայն դպրոցում չկա եզդերենի ուսուցում:  Դպրոցի տնօրեն Իշխան Պետրոսյանն ասաց, որ  տեղում մասնագետ չունեն, դրսից էլ չեն գալիս՝ աշխատավարձի  ցածր լինելու պատճառով: Յուրաքանչյուր ուսուցիչ ստանում է 25000-28000 դրամ աշխատավարձ:

Եզդերեն դասավանդող ուսուցիչներից միայն մեկն է բարձրագույն մանկավարժական կրթությամբ՝ Օմար Մամոյանը, նա Երևանից է  և  եզդերեն ուսուցանում է Արմավիրի մարզի  Արտաշար և Նալբանդյան գյուղերի դպրոցներում, յուրաքանչյուր դպրոցում շաբաթը 2 օր: Արտաշարում եզդերենի ուսուցման խմբակում սովորում է տարբեր տարիքային խմբի  60 աշակերտ:   Օմար Մամոյանն ասում է, որ եզդերեն տառերն ավելի վաղ են եղել հերոգլիֆների տեսքով, իսկ 1921 թվականին եզդերեն տառերը ստեղծել  է Սերգեյ Լազոն, որի հիման վրա էլ արդեն կազմվել են դասագրքերը:

Երեխաների ընդունակություններից շատ գոհ է,  շուտ ընկալում են և սովորում: Եզդերենի ուսուցիչը մայրենի լեզվի այբուբենը սովորել է ծնողներից, մասնակցել է եզդի ուսուցիչների համար կազմակերպված եզդերենի վերապատրաստման դասընթացներին:

5 –րդ դասարանի աշակերտուհի Կարինե Ջնդոյանը վարժ  կարդում է երկու ազգի հերոս Անդրանիկի և Ջհանգիր աղայի եղբայրության մասին  ,,Բրատի,,  բանաստեղծությունը, որտեղ նկարագրված է երկու ազգերի միասնական պայքարը արնախում թշնամու դեմ: Կարինեն  Արտաշարի միջնակարգ դպրոցի լավ սովորող աշակերտներից է,  սիրով է մասնակցում իր մայրենի լեզվի ուսուցման դասերին: Ուսուցիչ Օմար Մամոյանը կարևորում եզդերենի  ուսուցումը   մատաղ սերնդի դաստիարակության գործում, քանի որ նրանք  իրենց  լեզուն, մշակույթն ու ազգային դիմագիծը պահպանողներն են:

Դպրոցում տարեվերջյան ամփոփում է:  Աշակերտները փորձում էին ցույց տալ իրենց սովորածը, նրանց համար կարևոր է նաև  հոգևորը: Եզդիները  շարֆադին կրոնի հետևորդներ են ունեն իրենց տերունական աղոթքը: Շարֆադին կրոնը արևի պաշտամունքն է և եզդիներն  աղոթում են դեմքով դեպի արևը:

Տարեվերջյան թեման մշակութային էր: Ուսուցիչ Օմար Մամոյանը ներկայացնում է եզդի աշուղ Ավդալե Զայնքեի մասին:

Արտաշարի դպրոցի եզդերենի խմբակի երեխաներից մի քանիսը ցանկություն հայտնեց դպրոցն ավարտելուց հետո դասավանդել իրենց մայրենի լեզուն այն դպրոցներում, որտեղ  սովորում են եզդի աշակերտները, բայց չունեն ուսուցիչ:

Ցուցադրել ավելի
Back to top button