Սպորտ

Այսօր սբ Գայանյանց կույսերի հիշատակության օրն է

Այսօր Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնում է Սբ Գայանյանց կույսերի հիշատակության օրը: Դիոկղետիանոս կայսեր օրոք Ս.Գայանեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, Հռոմի Ս.Պողոս վանքի մայրապետը: Հեթանոս կայսրը հալածում էր քրիստոնյաներին: Նա ցանկանում է կնության առնել շատ գեղեցիկ կույսերից մեկին՝ Հռիփսիմեին, ով մերժում է նրան: Կույսերը փախչում են Ալեքսանդրիա, այնուհետև՝ Հայաստան: Հայոց Տրդատ արքան, իմանալով նրանց հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին: Գայանեին չարչարել են, գլխատել: Նրա մարմինը Ս.Գրիգոր Լուսավորիչն ամփոփել է տապանի մեջ և կնքել արքունի, քահանայական-հայրապետական կնիքով: Հետագայում, հենց այդ վկայարանների տեղում, Էջմիածնում կառուցվում են Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե և Սբ. Շողակաթ եկեղեցիները:

Ս. Հռիփսիմեի վկայարանի վրա Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսը 618-ին կառուցել է Էջմիածնի Ս. Հռիփսիմե եկեղեցին, որի խորանի գետնահարկ մատուռի մեջ ցայսօր զետեղված է մնում սրբուհու տապանը: Իսկ Եզր Ա Փառաժնակերտցի կաթողիկոսը Ս. Գայանյանց կույսերի մատուռի տեղում բարձրացրել է Էջմիածնի Ս. Գայանե վանքը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, Հայ Առաքելական Եկեղեցում կույսերի հիշատակին նվիրված Սբ. Հռիփսիմյան և Սբ. Գայանյան կույսերի տոները նշվում են Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց` երկուշաբթի և երեքշաբթի օրերին: Կույսերի հիշատակի տոների օրը Հայաստանի եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Երկու տոներն էլ ունեն իրենց նախատոնակը, որ կատարվում են տոների նախորդ օրը` երեկոյան ժամերգությունից հետո` Սբ. կույսերին նվիրված շարականների երգեցողությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button