Հասարակություն

Ս. Հռիփսիմյանց կույսերի հիշատակի օրը (ֆոտոշարք)

Հունիսի 1-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնեց Ս. Հռիփսիմյանց կույսերի հիշատակը:

Առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների խաչվառազարդ թափորով բազմաթիվ ուխտավորների ուղեկցությամբ, Էջմիածնի Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո, հավատավոր ժողովրդի խոնարհումի և օրհնության համար Սուրբ Հռիփսիմե վանք տարվեց սուրբ Հռիփսիմեի մասունքն ամփոփող Աջը: Սրբազան մասունքը կրում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:

Ս. Հռիփսիմե վանքի առջև թափորը դիմավորեցին վանքի հոգևոր սպասավորները` գլխավորությամբ Մայր Աթոռի վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի:

Տոնի առիթով վանքում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Ս. Հռիփսիմեի վանահայր Հոգեշնորհ Տ. Մատթեոս վարդապետ Պողոսյանը:

Անդրադառնալով տոնի խորհրդին` Հայր Սուրբն իր քարոզում մասնավորապես նշեց. «Սուրբ Հռիփսիմյանք իրենց ողջ կյանքը նվիրեցին Տիրոջ սիրուն և հավատքին, քանի որ ունեին այն բարձր գիտակցությունը, որ Տիրոջ ամենամեծ պարգևը` հոգին, անմահ է, և կյանքի այս երկրավոր, մարմնավոր ու փոքրիկ շրջանը չի կարելի փոխարինել հավերժության և անմահի հետ: Ո՛չ Դիոկղենտիանոս և Տրդատ արքաների հալածանքները, ո՛չ նրանց պալատների հմայքն ու շքեղությունը չկարողացան սասանել, գայթակղել նրանց, ետ կանգնեցնել դեպի Աստված տանող ճանապարհից: Դժվարություններն ու փորձություններն առավել զորացնում էին կույսերին` հավատքն ու սիրով կրելու այն լուծը, որ իրենց համար տվել էր Աստված»:

Հայր Մատթեոսը ընդգծեց նաև, որ Ս. Հռիփսիմյանց նահատակության խորհուրդը մշտապես այժմեական է, և բոլոր ժամանակներում նրանց օրինակը պիտի ոգեշնչի, զորացնի սերն ու հավատքն առ Աստված: «Այսօր աշխարհում նյութական արժեքները մեծ տեղ են զբաղեցնում, իսկ մարդկային  արժանիքներն ու առաքինությունները ետին պլան են մղվում: Ամենամեծ խնդիրը, որ այսօր քրիստոնյան իր առջև պիտի ունենա, ինչպես Ավետարանում Քրիստոս Ինքն է ասում, Տիրոջ կամքը կատարելն է»,- նշեց Հայր Սուրբը:

Ս. Պատարագի ավարտին կատարվեց Սրբուհու մասունքակիր Աջով հավատացյալների օրհնություն և Անդաստանի կարգ:

Տոնական արարողություններին մասնակցում էին Մայր Աթոռի միաբաններ, տարբեր թեմերից ժամանած ուխտավորներ:

Տոնի առիթով տեղի ունեցավ նաև Ս. Հռիփսիմե վանքին հարակից փողոցի ցուցանակի բացումը. Էջմիածին քաղաքի ավագանու որոշմամբ օրեր առաջ այս փողոցն վերանվանվել էր Ս. Հռիփսիմեի անունով:

Արարողությանը ներկա Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, շնորհավորելով ներկաներին տոնի կապակցությամբ, իր խոսքում կարևորեց համայն հայության հոգևոր մայրաքաղաքում սրբի անունով փողոցի բացումը: Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի փոխտնօրեն Հոգեշնորհ Տ. Մկրտիչ աբեղա Կարապետյանը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button