ԿարևորՔաղաքական

Ներգաղթն ու արտագաղթը. ԱԺ- ում շարունակում են քննարկել 2014- ի բյուջեի կատարողականը

lenabadeyan

ՀԱԿ խմբակցությունը փակ նամակ է գրել կառավարությանը՝ Սիրիայում մնացած հայ համայնքին արագորեն տարհանելու պահանջով: Այսօր ԱԺ-ում 2014 թվականի բյուջետային հատկացումների հաշվետվությունների ժամանակ Սփյուռքի նախարարին ուղղված հարցերի մեծ մասն առանչվում էր հենց այս խնդրին: Հրանուշ Հակոբյանը խոստովանել է, որ դժվար իրավիճակում են եւ տարհանում կազմակերպելը հեշտ գործ չէ: Հաշվետվություններից պարզ է դարձել, որ մյուս կողմից էլ Հայաստանն ունի արտագաղթի խնդիր եւ դա ապացուցում է դպրոցում սովորող աշակերտների հասարակ հաշվարկը:   

Վերջին շրջանում Հայաստանը մի կողմից ընդունում է պատերազմական վիճակում գտվող Սիրիայից արտագաղթող հայրենակիցներին, մյուս կողմից` մտածում, թե ինչպես կանխել արտագաղթը: Վերջին շրջանում մոտավորապես 15 հազար սիրիահայ է հաստատվել Հայաստանում, վերջին օրերին եկել են եւս 500-ը: Հստակ հաշվարկ չկա, բայց ասում են մինչեւ 20 հազար հայ դեռեւս մնում է քրիստոնյաների համար վտանգավոր պատերազմական պայմաններում:

ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հորդորում է զբաղվել հենց այս խնդրով, ոչ թե կազմակերպել «Արի տուն» ծրագիրը կամ մշակութային այլ միջոցառումներ։

Իրաքահայերի վիճակը փոքր ինչ ավելի հանգիստ է, ճիշտ է՝ ներքին տեղաշարժումներ կան, բայց վերջին շրջանում Իրաքից Հայաստան է եկել ընդամենը 5 ընտանիք. լուրջ հոսք այնտեղից դեռեւս չի սպասվում: Հրանուշ Հակոբյանն այսօր ընդհանրապես ստիպված էր պատասխանել շատ թվով կնճռոտ հարցերի, օրինակ՝ այն, որ հակառակ Սփյուռքի նախարարության գործունեությանը, Հարավային Ամերիկայի վարժարաններում «Բարեւ» բառը այն առավելագույնն է, որ գիտեն հայ երեխաները:

Իրոք՝ աշխարհում պակասում է հայերեն խասացողների թիվը, խոստովանեց նախարարը՝ նշելով, որ չեն կարող ոչ պարտադրել, ոչ էլ՝ պահանջել: Մեկ այլ ահազանգը վերաբերում է ընդհանրապես Սփյուռքի վստահությանը առ Հայաստան: Հնչեց մի թիվ, համաձայն որի, ուղիղ 2 անգամ պակասել է տրանսֆերտների ծավալը, այսինքն՝ հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ  հանդեպ նվազում է:

Անհանգստացնող վիճակագրություն հնչեց նաեւ կրթության եւ գիտության նախարարության հաշվտեվության ժամանակ: Արամ Մանուկյանը պնդում է՝ միայն աշակերտների թվի նվազումով հնարավոր է հաշվարկել Հայաստանից արտագաղթի ծավալը: Իր տվյալների համաձայն՝ ամեն տարի 5-6 հազար աշակերտ պակասում է: Կրթության փոխնախարար Կարինե Հարությունյանը համաձայն չէ հնչած թվի հետ, թեեւ ոչ ինքը, ոչ էլ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջաջուղազյանը այդպես էլ չկարողացան կոնկրետ թիվ հրապարակել: Ասում են, ձեռքի տակ չունեն:

Մեկ այլ խնդիր էլ, ըստ պատգամավորների, «Գազպրոմի» ցանկությունն է Հայաստանում կառուցել ռուսական դպրոց: Նախկինում օտարալեզու դպրոց կառուցելու համար որոշումը պետք է կայացներ Գերագույն խորհուրդը, իսկ այսօր արդեն՝ պարզապես որպես համաձայնություն կա կրթության եւ գիտության նախարարի ստորագրությունը: Արմեն Աշոտյանը, սակայն, այսօր գործուղման էր եւ խորհրդարանում դեռ չպարզաբանեց այս որոշումը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button