ԿարևորՀասարակություն

ՀՀ նախագահը մասնակցեց «Հայաստան» կինոթատրոնի վերաբացմանը. այն կլինի ընտանեկան ժամանցի կենտրոն

karenghazaryan

Կարեւոր իրադարձություն մայրաքաղաքի մշակութային կյանքում.  հիմնանորոգումից հետո վերաբացվել է «Հայաստան» կինոթատրոն-ընտանեկան հանգստի եւ ժամանցի կենտրոնը: Կենտրոնի հանդիսավոր բացմանն այսօր մասնակցել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը՝ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ:

1987 թվականին Խորհրդային Հայաստանում կառուցված վերջին կինոթատրոնը կրկին վերաբացվում է որպես կինոթատրոն եւ ընտանեկան ժամանցի կենտրոն: Երկու տարի տեւած վերանորոգման եւ վերակառուցման արդյունքում՝ «Հայաստան» կինոթատրոնում ներդրվել է աշխարհի լավագույն տեխնիկան: Ասել է, թե՝ առաջիկա առնվազն 10 տարիներին անհնար է գերազանցել հիմնանորոգված ու վերազինված կինոթատրոնի հնարավորությունները:

«Հայաստան» կինոթատրոնի տնօրեն Էմիլիա Հարությունյանի փոխանցմամբ՝ վերաբացված կինոթատրոնը չի զիջում աշխարհի լավագույն նմանօրինակ կենտրոններին։ «Ունենք սերվերային տեխնոլոգիա. ֆիլմի հեղինակային իրավունք ունեցող ընկերությունն իր ներկայացուցչի միջոցով կապվում է պատվիրատուի հետ եւ կնքում պայմանագիր: Դրանից հետո, ֆիլմը ինտերնետային եղանակով վերբեռնվում է պատվիրատուի սերվեր, որտեղ մնում է այնքան ժամանակ, որքան նշված է պայմանագրում: Կարող եմ ասել, որ «Հայաստանը» Հայաստանում միակն է, որ ունի հզոր, նորագույն եւ ժամանակակից տեխնոլոգիաներ եւ սարքավորումներ: Լիարժեք կարող է մրցել աշխարհի լավագույն կինոթատրոնների հետ»,- ասում է տնօրենը։

Կինոթատրոնի վերազինման եւ ընտանեկան ժամանցի լավագույնս կազմակերպման անհրաժեշտ միջավայրի ապահովման համար ներդրվել է շուրջ 8 մլն ամերիկյան դոլար: Բարեկարգվել է նաեւ կինոթատրոնի հարակից այգին, վերանորոգվել են ցայտաղբյուրները, նորովի լուծումներ են տրվել շենքի եւ այգու լուսավորությանը:

«Կինո պլյուս» ամսագրի խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը երկրորդ անգամ է մասնակցում «Հայաստան» կինոթատրոնի բացմանը: Առաջինը՝ 1987-ին էր։ Կինոմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը նույնպես չթաքցրեց իր հիացմունքը՝ շեշտելով, որ գոհ է նախկին սեփականատիրոջից՝ մշակույթի օջախը որպես այդպիսին պահպանելու համար:

«Հայաստան» կինոթատրոնի նախկին սեփականատեր եւ ներկայիս խորհրդատու, Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանի փոխանցմամբ՝ կենտրոնը բազմաֆունկցիոնալ է եւ իր լուծումներով աչք շոյող: «Ես եղել եմ կինոթատրոնի նախկին սեփականատերը: Կինոթատրոնը պարապուրդի էր մատնված, որովհետեւ չկար ներդրումների հնարավորություն եւ մենք՝ նախկին հիմնադիրներով, փորձեցինք սպասել այնքան ժամանակ, մինչեւ որ կհայտնվեին այն ներդրողները, ովքեր պատրաստ կլինեն հենց կինոթատրոն եւ մշակութային կենտրոն կառուցելու: Այսօր ինձ համար ամենաուրախալի, ամենաբացառիկ օրն է իմ կյանքում, որ կինոթատրոնը, որի նպատակը որպես կինոթատրոն գործելն էր, այսօր վերաբացվում է հենց որպես կինոթատրոն եւ «Հայաստան» անվանումով»:

Ամենակարեւոր ավանդույթը լավ կինոյի ցուցադրությունն է: Այստեղ հնարավոր կլինի դիտել համաշխարհային բոլոր կինոպրեմիերաները, քանի որ կինոթատրոնն այլեւս համաշխարհային կինոցանցի մի մասնիկն է դարձել: Արմեն Ամիրյանը հույս հայտնեց, որ այստեղ կարելի է ոչ միայն ֆիլմ դիտել, այլեւ կազմակերպել ընտանեկան լավագույն հանգիստը: Այն, ինչ կարելի է տեսնել ներսում եւ հարակից այգում,  դժվար թե հնարավոր լինի Երեւանում գտնել միաժամանակ որեւէ այլ վայրում:

Ցուցադրել ավելի
Back to top button