Տնտեսական

ՀՀԿ- ական պատգամավորը տնտեսական աճի մասին է խոսում

lianaeghiazaryan

Հենց այնպես չէ, որ մեր կառավարությունն այսօր խոսում է տնտեսական աճի մասին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը: Բանախոսը վստահեցրել է, որ կառավարությունն իր այդ հայտարարության տակ հիմնավորումներ էլ է դնում, վերլուծություն էլ: Իսկ ինչպես է պատահում, որ տնտեսական ամենատարբեր բացասական ու անկումային ցուցանիշերը, որոնց մասին արդեն պաշտոնապես խոսում է նաեւ  պաշտոնական վիճակագրությունը, իրար գումարելիս կառավարությունը ստանում է դրական ցուցանիշ` տնտեսական աճ: «Ռադիոլուր»-ի հարցից պատգամավորը վրդովվել է, շեշտել` մարդիկ կան` ուզում են բացասական միտում գտնել, ու այս կամ այն երեւույթին անկում անունն են տալիս, բայց պետք չէ խառնել:

Կառավարությունն ունի հիմնավորումներ, հենց այնպես չէ, որ հայտարարում է, թե ունենք 2.5 տոկոս տնտեսական աճ, այսօր հայտարարեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը ու փորձեց հիմնավորել իր դիտարկումը` արժեզրկման գահավիժման փուլն արդեն անցել ենք, արդեն համեմատական կայունություն է նկատվում արժութային շուկայում:

Ոչ միայն Հայաստանը, այլեւ ԵՏՄ-ն ակտիվ բազմակողմ աշխատանքներ են տանում տնտեսական գործակցության առավել լայն աշխարհագրություն ստեղծելու` փորձելով բազմակողմ պայմանագրեր կնքել ավելի լայն շուկա արտահանման հնարավորություններ ստեղծելու համար: Այսպիսով փորձ է արվում լրացնել եվրոպական շուկաների փակ լինելու խնդիրը:

Ավետիսյանը մեր հիմնական խնդիրներից մեկն է համարում գյուղմթերքի արտահանումը, նոր հնարավորություններ է պետք ստեղծել, ասաց: Բայց այսօր մեր երկրում ստեղծված տնտեսական վիճակը գալիս է արդարացնելու ամենատարբեր տնտեսագետների հոռետեսական կանխատեսումները, եւ դժվարին վիճակի մասին արդեն հայտարարում են նաեւ ամենատարբեր պաշտոնատար անձինք, դրա մասին փաստում է վիճակագրությունը:

Ի՞նչ են կարծում իշխանական թեւում այս ամենի հետեւանքով ժողովրդի մոտ հավատի կորստի ու բարոյալքության մասին, հարց ուղղեցինք Սուքիաս Ավետիսյանին: ՀՀԿ-ական պատգամավորը լավատեսորեն է խոսում իրավիճակի մասին: Բայց այդ լավատեսությունը նրան տալիս են ոչ թե այս կամ այն փաստերն ու ցուցանիշերը, այլ «փորձում ենք», «պիտի անենք», «անհրաժեշտ է անել» ձեւակերպումները: «Այսօր թշվառ վիճակ չէի համարի, կա ծանր վիճակ, կան ուղիներ, որոնք փորձում է պետությունն էլ, ԵՏՄ-ն էլ օգտագործել»,- ասաց։

Ներդրումների քաղց, արտագաղթի աճ, 30 տոկոսից բարձր աղքատություն  ու եկամուտների ցածր մակարդակ, գնողունակության անկում, համատարած գնաճ, արտահանման կրճատում ու մրցունակության անկում. սրանք այն բացասական միտումներից մի քանիսն են, որոնք շարունակում է գրանցել հայաստանյան իրականությունը, ու որոնց մասին շարունակ ահազանգում ու կանխատեսում էին տնտեսագետները:

«Ռադիոլուրը» հարց ուղղեց ՀՀԿ-ական պատգամավորին` ինչպես է պատահում, որ բոլոր այս բացասական միտումներն իրար գումարելիս մեր կառավարությունը ստանում է դրական ցուցանիշ` տնտեսական աճ: Սուքիաս Ավետիսյանը թվարկված խնդիրների մասին խոսեց դանդաղ, հանգիստ, կոչ արեց երեւույթին տալ ոչ թե արտագաղթ, այլ արտագնա աշխատանք անունը, քանի որ ինքը վստահ է` գնացողները վերադառնում են:

Ներկայացվող տնտեսական աճը կասկածելի չի համարում, հորդորեց մայիսը համեմատել հունվարի հետ, ոչ թե նախորդ տարիների թվերը նայել, ու այդպես կերեւա զարգացումն էլ, աճն էլ, ասաց: Ըստ նրա` մարդիկ կան` ուզում են բացասական միտում գտնել, ու այս կամ այն երեւույթին անկում անունն են տալիս, բայց պետք չէ խառնել, շեշտեց նա:

Հայաստանում առկա սոցիալական անարդարությունից էլ խոսեց ՀՀԿ-ական պատգամավորը, այո, այն կա, ասաց, ու կրկին շարունակեց «պետք է դրա դեմ պայքարենք» ոճով: Որպես սոցիալական անարդարության օրինակ Սուքիաս Ավետիսյանը մատնանշեց այն, որ մի տեղեկանք ստանալու համար քաղաքացին պետք է տարբեր օղակներով անցնի:

Նրա միտքը շարունակելով հետաքրքրվեցինք` իսկ արդյո՞ք սոցիալական անարդարության դրսեւորում չէ այն, որ շարքային քաղաքացու գնողունակության անկման ու եկամուտները չավելանալու պայմաններում մոտ 40 տոկոսով թանկացվում է հոսանքը, այն էլ խիստ կասկածելի պատճառաբանությամբ: Հարցից, սակայն, պատգամավորը բարկացավ, ասաց` պետք է զսպել զայրույթը եւ չընդհատել իրեն: Ինքը, սակայն, ընդհատեց խոսքն ու ասուլիսն ավարտված համարեց:

Ցուցադրել ավելի
Back to top button