Տնտեսական

«ՀԷՑ-ը երբևիցե չի ձգտել արդյունավետ տնտեսություն ղեկավարել».տնտեսագետ

lianaeghiazaryan
Հայաստանում շարունակվում են ամենատարատեսակ քննարկումներն այն հարցի շուրջ, թե իրականում որքանով է արդարացված էլեկտրաէներգիայի սակագնի` շուրջ 40 տոկոսով բարձրացումը: Թեմայի շուրջ հերթական դիտարկումները հայտնողն այսօր եղել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Բանախոսը խիստ տարօրինակ երեւույթներ է տեսնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի վերջին մի քանի տարվա գործունեության մեջ. «ես ուսումնասիրել եմ ՀԷՑ-ի հինգ տարվա ֆինանսական պատմությունն ու եկել այն եզրահանգման, որ այս ընկերությունը «երբևիցե չի ձգտել արդյունավետ տնտեսություն ղեկավարել»,-հայտարարել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

 

Հանրապետությունում էլեկտրաէներգիայի կորուստը տարբեր տարիների գնահատվում է 12.8 տոկոս, 13.1 տոկոս: Այս կորուստների մասին խոսվում էր էլեկտրաէներգիայի գնի վերանայման նախորդ հայտում էլ: Նախորդ թանկացման ժամանակ պատճառաբանվում էր` հոսանքի գինն ավելացվում է, որ ավելացած միջոցներն ուղղվեն կորուստները բացահայտելուն եւ նվազեցնելուն: Բայց հոսանքի թանկացման այս վերջին հայտում էլ է նշվում էլեկտրաէներգիայի կորստի նույն` 12.8 տոկոս ցուցանիշը ու նորից նույն պատճառաբանությունը: Ուր են գնացել նախկինում տրամադրված գումարները, ինչին են ուղղվել, եթե ոչ էներգետիկ համակարգի արդիականացմանը: Այս հարցերը վերջին շրջանում մշտապես բարձրաձայնվում են, բողոքի ակցիաների հիմք դառնում: Մամուլը շարունակ ներկայացնում է «ՀԷՑ»-ի` իրեն թույլ տված շքեղությունների մասին վկայող փաստեր ու հարց բարձրացնում` ինչու պետք է շարքային քաղաքացին իր չավելացած եկամտով վճարի հոսանքի ավելացած գինը: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, թեմային անդրադառնալով, նախ համեմատություն է անցկացնում` Խորհրդային միությունում, օրինակ, էներգետիկ կառույցները 8-9 տոկոսի կորուստ էին ունենում: Ինչ վերաբերում է շռայլ ծախսերին, ապա Խաչատրյանն ընդգծում է` թող իրենց թույլ տան այն, ինչ աշխատել են, բայց թույլ են տալիս այն, ինչ  չեն աշխատել: Հոսանքի թանկացման պատճառաբանություններին տնտեսագետն այսպես է արձագանքում:

«Թանկացման հիմնավորումներից մեկը նաև դրամի արժեզրկումն էր, հիմա պարզվում է` այստեղ ռուբլու հետ կապված ռուսական ընկերությունն, ընդհակառակը, եկամուտներ է ստանում միայն այդ արժեզրկման շնորհիվ:  Տնտեսագետը նաև նշեց, որ ուսումնասիրել է ՀԷՑի հինգ տարվա ֆինանսական պատմությունն ու եկել այն եզրահանգման, որ այս ընկերությունը «երբևիցե չի ձգտել արդյունավետ տնտեսություն ղեկավարել»`դատելով միայն դրա կորուստներից»:

Այս համատեքստում կան մի շարք հարցեր, որոնք պատասխան են պահանջում: «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության հաշվետվությունից երևում է, որ 2015 թվականի առաջին մի քանի ամիսներին այն ավելացրել է իր եկամուտները, փոխարենը Հայաստանում շրջանառվում է ՀԷՑ -ի կրած 250 միլիոն դոլարի կորստի թեման։ Սա շատ տարօրինակ է, ասում է տնտեսագետը: Իրականում ստացվում է՝ ռուսական կազմակերպությունը՝ Մոսկվայում իրենց գլխամասային ընկերությունը, օգտվում է հնարավորությունից և ստանում է լրացուցիչ եկամուտներ, մենք Հայաստանում այդ ընկերության գործունեությունից վնասներ ենք կրում: Իսկ մեր պետությունը քաղաքացու գրպանից վճարում է մասնավոր ընկերության անարդյունավետ գործունեության հետեւանքով առաջացած պարտքերը, վարկերը, շռայլ ծախսերը:

«Հիմա մի քիչ դժվար է 27 հատոր` մոտ 7-8 հազար էջանոց ծավալուն փաստաթուղթը ծախսերի մասին ուսումնասիրել, բայց հիմա մենք ստիպված ենք դա անել: Երբ այդ ծախսերի մեջ տեսնեք, թե ինչեր են իրենց թույլ տվել: Արդեն մեքենաների մասին հայտնի պատմությունը կա»: 

Back to top button