Սայաթ-նովայի նվիրված Վարդատոնը՝ Թբիլիսիում


Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի
Վրաստանի մայրաքաղաքում արդեն 101-րդ անգամ նշվում է Սայաթ-նովայի նվիրված Վարդատոնը: Այն սկզբնավորվել է դեռ անցյալ դարասկզբին. 1913թ. առաջին անգամ հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի, գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի և վրաց գրականագետ Իոսիֆ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ տոնվեց բանաստեղծի ծննդյան 200-ամյակը, իսկ մեկ տարի անց սուրբ Գևորգ եկեղեցու բակում տեղի ունեցավ նրա հուշարձանի բացումը: Դրանից հետո թբիլիսահայերը ամեն տարի գալիս են մեկական վարդ դնելու Սայաթ-Նովայի շիրիմին, ընբոշխնելու նրա թողած հրաշալի ժառանգությունը:
Ամեն տարի Թբիլիսիի կենտրոնում` ժողովուրդների բարեկամությունը խորհդանշող Մեյդան թաղամասում, հազարվոր մարդիկ են հավաքվում: Նրանք ունկընդրում են մեծ սիրերգի ստեղծագործությունները, որոնք ծնվել են բազմազգ այս երկրում, Կովկասի երեք ժողովուրդների լեզուներով (հայերեն, վրացերեն և թուրքերեն) ու դարձել բոլորինը.
«Այս տոնն արդեն 101 տարի միավորում է Վրաստանում ապրող բոլոր ժողովուրդներին: Սիրո, բարեկամության ու համերաշխության երգիչ Սայաթ-Նովան արդեն 300 տարի Կովկասի բոլոր ժողովուրդներին միավորում է երգով ու մշակույթով» ,-իր ելույթում ասաց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Սայաթ Նովայի ստեղծագործություններն ունկընդրելու նպատակով Թբիլիսի էին ժամանել Վրաստանի տարբեր շրջաններից: Իսկ 80 -ամյա Սեյրան պապը հատուկ տոնի առիթով Ռուսատանից է եկել. «Մենք Սայաթ-Նովայի երգերի ծարավ ենք զգում», -Ռադիոլուրի հետ զրույցում ասել է նա:
Թբիլիսիիում բուռն ծափողջյուններով են ընդունում Հայաստանի Հանրային Ռադիոյի Սայաթ-Նովա աշուղական երգի անսամբլին:
«Սայաթ-Նովան հայրենիք է. որտեղ հնչում է Սայաթ-Նովա անունը այնտեղ հայրենիքն առկա է, որովհետև Սայաթ-Նովան դարձել է հայ ժողովրդի և հայրենիքի հոմանիշ: Ուստի պետք է առավելագույնն անել, որ մեր սերունդները ճանաչեն ու սիրեն Սայաթ-Նովայի երգերը», -ռադիոլուրի հետ զրույցում ասել է անսամբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը: