Տնտեսական

Հոսանքի թանկացումը կմոտեցնի սոցիալական պայթյունը, կարծում է տնտեսագետը

lianaeghiazaryan

Հանրապետությունում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ քննարկումները եւ պահանջները նոր ալիք են ստանում: Խնդիրը հայտնվել է Հանրային խորհրդի, Հայրենական ապրանք արտադրողների միության եւ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության քնարկումների առանցքում: Այստեղ պահանջում են վերանայել կառավարության գործելաոճը ու սեփական ժողովրդի ցածր եկամտի հաշվին չծածկել «Հայաստանի էլեկտրական  ցանցերի» շռայլ ու անարդյունավետ ծախսերը: Նշվածին որպես հավելում տնտեսագետ Վարդան Բոստանջյանն այսօր հայտարարել է` հոսանքի թանկացումը մի քայլով կմոտեցնի սոցիալական պայթյունի ալիքը:

Էլեկտրաէներգիայի թանկացման անհրաժեշտություն այսօր կա, չնայած այդ անհրաժեշտությունն առաջացել է վատ կառավարման, անարդյունավետ ծախսերի պատճառով, կարծում է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Ներդրումների քաղց, արտագաղթի աճ, պետական մարմինների թերի աշխատանք, աղքատության 30 տոկոսից բարձր ու եկամուտների ահավոր ցածր մակարդակ. հայաստանյան տնտեսության այս ծանր պայմաններում սա նոր լուրջ հարված կլինի շարքային քաղաքացու գրպանին, հայտարարում է Բոստանջյանը:

Տնտեսագետը համոզված է` հոսանքի թանկացումը մի քայլով կմոտեցնի սոցիալական պայթյունի ալիքը: Նա չի կասկածում` ՀԷՑ-ի շռայլ ծախսերը տեսանելի են բոլորին: Էներգետիկ համակարգի արդիականացման մշտական պահանջի բավարարման համար դուրս գրված գումարները ուղղվել են հենց այդ շռայլություններին: Ու հիմա մենք էներգետիկ անվտանգության եւ էներգետիկ անկախության առումով հայտնվել ենք խիստ վտանգավոր վիճակում:

Անունը դնում ենք` մենք ռեսուրսներ չունենք, բայց դա կարելի է հավասարակշռել այլ ռեսուրսների միջոցով` քաղաքական կամքի առկայության դեպքում։

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանն այսօր տեղեկացրեց, որ իրենք դեռ առաջիկա հինգշաբթի օրն են պատրաստվում լիագումար նիստ հրավիրել, քննարկել այս հիմնախնդիրը, իսկ ամբողջացված առաջարկները ներկայացնել հանրապետության նախագահին: Իրենք արդեն հակված են հայտարարելու, որ արդարացված ու հիմնավորված չեն ոչ էներգետիկ համակարգին ուղղված ծախսերը, ոչ էլ թանկացման պահանջները: Բայց որպես նաեւ Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Սաֆարյանը ներկայացրեց իր հաշվարկները` սա միայն փոխադրողների ծախսերը կավելացնի 10-12 տոկոսով, ինչը շղթայաբար կտարածվի ապրանքների ու ծառայությունների վրա:

Վազգեն Սաֆարյանը հուսով է, որ հանրապետության նախագահը կլսի ու կկիսի իրենց կարծիքը` համակարգի կառավարման սկզբունքները հիմնովին փոխելու վերաբերյալ: Հոսանքի թանկացման դեմ պայքարի պատրաստ է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահը` նախ հայտարարության ձեւով, հետո` քննարկումների, հետո` «եթե միության անդամ շուրջ 30 տնօրենները հայտարարեն, որ միասին դուրս են գալիս Հանրապետության հրապարակում պայքարի, ես կլինեմ նրանց կողքին»:

Հանրային խորհրդի սակագնային հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Արմինե Խզմալյանը նկատեց, որ Հայաստանում գների վերանայումներն ավանդաբար միայն բարձրացման ուղղությամբ են գնում: Հետեւանքն այն է, որ կոնկրետ էլեկտրաէներգիայի գնի մասով մենք ամենաանմրցունակն ենք տարածաշրջանում։

Այլընտրանքային էներգետիկայի տարբեր հետազոտություններ են արվում, առաջարկներ ներկայացնում, անելիքներ առաջարկվում: Դրանց մեր պետական կառույցները պատասխանում են միայն նոր թանկացումների նախաձեռնություններով: Այս համատեքստում ռիսկային հարցերին ավելանում է եւս մեկը. առաջիկայում ՀԱԷԿ-ը 6 ամսով կանգնելու է վերանորոգման: Բայց որեւէ քննարկում չի տարվել` ինչպե։ս է վերանորոգվելու, նախանշված ծախսերն ինչպե։ս են հաշվարկվել եւ այլն:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը երեկ հրապարակած իր հայտարարությամբ միացավ հնչող մտահոգություններին: Թե 2013, թե 2014-ին էլեկտրաէներգիայի թանկացման պատճառների մեր գնահատականներին կառավարության արձագանքը սահմանափակվեց  համապատասխան պրոֆիլային կառույցների  անլուրջ պատասխան գրություններով: Արդյունքում ստացանք այն, ինչը միանգամայն կանխատեսելի էր` պատկերի հայելային կրկնություն 2015թ-ին: Ցավոք , կարծես կրկնվում է նաև այս հարցում կառավարության մոտեցումը, այն է`  հարմարվել  «Հայաստանի էլեկտրական  ցանցեր» -ի տնտեսական անթույլատրելի վարքագծի հետ և կոմպենսացնել  դրա ֆինանսական «կորուստները» սեփական ազգաբնակչության և սեփական արտադրողի հաշվին: Գիտակցելով հարցի թե տնտեսական և թե սոցիալական լրջագույն հետևանքները, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը  կոչ է անում կառավարությանը համակողմանի վերլուծել ոլորտում ստեղծված իրավիճակը՝ չբացառելով այս աշխատանքներում միջազգային անկախ աուդիտորական ընկերության ներգրավումը:

Ցուցադրել ավելի
Back to top button