Քաղաքական

Թ. Պողոսյան. Ռիգայի հռչակագիրը եթե ոչ հայամետ, ապա հստակ հակահայկական չէ

lusinevasilyan

Ռիգայի գագաթաժնողովը Հայաստանի համար դրական արդյունքներ է գրանցել, անդրադառնալով ԵՄ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին՝ այսօր ասել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Թևան Պողոսյանը: Ըստ նրա՝  Եվրամիությունը հավատարիմ մնաց ճկուն քաղաքականությանը և, աշխարհաքաղաքական  խնդիրները հաշվի առնելով, Հայաստանին այդուհանդերձ տրամադրեց նոր բանակցություններ սկսելու մանդատը:

Սպասվում է, որ Եվրամիության խորհուրդը շուտով կհաստատի Հայաստանի հետ  բանակցող թիմի մանդատը, ինչից հետո մեր երկիրը կսկսի բանակցություններ ՝ ուղղված Շրջանակային նոր համաձայնագրի մշակմանը: Սա, ըստ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանի, այն հիմնական արդյունքն է, որը գրանցեց  Արfuելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովը:

Պատգամավորը հույս ունի, որ մինչև 2015-ի ավարտը նոր փաստաթուղթը պատրաստ կլինի : Արդեն հայտնի է, որ այն կունենա ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական բաղադրիչ:

Պողոսյանը կարծում է, որ  գագաթնաժողովի ավարտին ընդունված հռչակագիրը Հայաստանի համար վտանգավոր կամ ոչ միանշանակ որևէ դրույթ չի պարունակում, այլ ձևակերպմամբ՝  առնվազն հակահայկական չէ: «Դիվանագիտության մեջ չգրված կանոն կա, որ բանակցային սեղանից չի կարելի հեռանալ: Հեռանալը թուլության նշան է: Մենք լավ գիտենք, թե որ կողմը լքեց դահլիճը: Հենց այդ փաստը լավագույնս է ապացուցում, որ փաստաթուղթը եթե չասենք հայանպաստ է, բայց առնվազն գոնե հակահայկական չէ»:

Սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանը Եվրոպայի հետ մտավ սառը հարաբերությունների փուլ, ասում է Թևան Պողոսյանը:  Նրա կարծիքով, սակայն,  անվստահության այդ մթնոլորտը հաղթահարված Է: Այսօր առնվազն մի քանի ծրագրերում՝ վիզաների ազատականացում, բաց երկնքի քաղաքականություն, ԵՄ-ն առաջարկում է իր օժանդակությունը:

Թե ինչպես կօգտվի դրանից Հայաստանը , ըստ Պողոսյանի, կախված է միայն մեզնից: Թևան Պողոսյանը քաղաքական այն թևի ներկայացուցիչն է, որը չի պաշտպանում սեպտեմբերի 3-ի ընտրությունը:

Մինչդեռ՝ ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը պաշտպանող ուժերը նշում են, որ այն իրավիճակը, որում հայտնվեցին ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրեր ստորագրած երկրները, և առաջին հերթին Ուկրաինան, ապացուցում է, թե որքան ճիշտ ու պրագմատիկ էր Հայաստանի ընտրությունը:   Այս թեզը Թևան Պողոսյանը չի պշտպանում: «Ես չեմ ընդունում այն արգումենտը, որ եթե սեպտեմբերի 3-ի որոշումը չկայացնեինք, պատերազմ կսկվեր: Իսկ ո՞վ է ասել, թե մենք պատերազմի մեջ չենք»:

ԵՏՄ անդամակցությունը, Թևան Պողոսյանի գնահատմամբ,  Հայաստանի կարճաժամկետ շահերից է բխում կամ առնազն այն արժեքային այն տարածքը չէ, որից Հայաստանը շատ բան ունի վերցնելու: «Ես ուրախ եմ, որ ԵՏՄ անդամակցության ջատագովներն իրենք էլ այսօր չեն ժխտում, որ արժեքային իմաստով այս միությունից  Հայաստանը վերցնելու բան համարյա չունի: Այդ դեպքում չեմ հասկանում, թե եթե ոչ արժեքների, ապա ինչի՞ վրա է հենվում այդ միությունը, առավել ևս, որ հիմնական գործոնը ՝ տնտեսական զարգացման հնարավորությունը նույնպես առայժմ տեսանելի չէ:

Իսկ ահա խոսելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների բարելավմանը  ԵՏՄ-ի արձագանքի մասին՝ Թևան Պողոսյանը նկատեց.  սեպտեմբերի 3-ից դասեր են քաղել բոլոր կողմերը. կոշտ ու կտրուկ քայլերը փոխարինվել են ճկուն ու փոքրի-ինչ հադուրժող մոտեցումներով:

Ցուցադրել ավելի
Back to top button