Դարձյալ կարկտահարութուն Արմավիրի մարզում


Մայիսի 28-ին տեղացած կարկուտը որոշակի վնաս է հասցրել Արմավիրի մարզի Քարակերտ համայնքի մշակովի հողատարածքներին և պտղի այգիներին: Հիմնականում վնասվել են ծիրանի, սալորի, խնձորի, դեղձի այգիները: Վնասի չափը ճշտելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով, որի անդամները տեղում ուսումնասիրել են վնասի չափը, իսկ արդյունքները կներկայացնեն կառավարություն:
Մայիսի 28-ին տեղացած կարկտի հետևանքով կրկնակի վնասվել են Արմավիրի մարզի Քարակերտ համայնքի պտղի այգիների մի մասը: Մինչ այդ մայիսի 15-ին տեղացած կարուտը վնասել էր պտղի այգիների շուրջ 50 տոկոսը: Եղած բերքը կորցրել է ապրանքային տեսքը: Այգիներում այս տարի սպասվում էր առատ բերք, նույնիսկ մտավախություն կար բերքի իրացմանգործում: Քարակերտի գյուղապետ Մհեր Հարթենյանը տեղեկացրեց, որ արդեն երկրոդ անգամ կարկուտը տարբեր ուղղություններով վնասել է ծիրանի այգիները:
Քարակերտում շուրջ 220 հա պտղի այգի կա, որից 20 տոկոսը հիմնվել է այս տարի: Գյուղատնտեսական նշանակության հողերի մեծ մասը սեփականաշնորհված հողատարածքներ են, և այգիները իրարից անջատ տարածքների վրա են հիմնված: Գնունի Անտոնյանը Քարակերտի խոշոր հողատերերից է, ով լավ մշակության հետևանքով միշտ առատ բերք է ստանում և վաղ հասունացման շրջանում՝ արտահանում: Այս տարի նրա այգիներում բերքը վնասվել է և կորցրել ապրանքային տեսքը:
Խաղողի այգիներում մշակվում է կանգուն և ռկածիթելի սորտի խաղող, 12 հա-ի վրա նորատունկ խաղողի այգին արդեն 4 տարեկան է և այս տարի մտնելու էր լիարժեք բերքի տակ: Ըստ այգետիրոջ` տարվա սպասելիքները շատ էին, նախնական կանխատեսումներով 1 հեկտարից ստանալու էր 12 տոննա խաղող:
Խաղողի այգիները վերականգնելու նպատակով այգետերերից կրկնակի աշխատանք ու ներդրումներ է պահանջվելու: Ծիրանը գրեթե ամբողջությամբ ծակծկվել է և արտահանման համար դարձել է ոչ պիտանի: Գնունի Անտոնյանը նշում է, որ նախորդ տարիներին վնասված ծիրանը վերամշակող ձեռնարկութուններն ընդունել են մեկ կիլոգրամը 50 դրամով, որը ձեռնտու չէ խոշոր հողատիրոջը: Ըստ հաշվարկների՝ բերքահավաքի, բերքի տեղափոխման ծախսերն ավելի շատ են, քան վերամշակող ձեռնարկություն մթերված բերքի գումարը: Այգետերը վրդովված ասաց, որ այդ դեպքում ավելի նպատակահարմար բերքը թողնել ծառի տակ, քան ծախսերն ավելացնել:
Քարակերտում տեղադրված է 4 հակակարկտային կայան, որից մեկը վնասված այգուց գրեթե 150 մ հեռավորության վրա է գտնվում: Համանքի ղեկավարի հավաստիացմամբ՝ կայանների աշխատանքը արդարացված է, քանի որ կարկուտից կես ժամ առաջ կրակել են, սակայն կայանների թիվը քիչ է:
Քարակերտի սեփականաշնորհված հողերի մեկ այլ տարածքում, որը գտնվում համայնքի ձախ կողմում՝ Արմավիր–Գյումրի մայրուղու հարևանությամբ, նույնպես վնասը զգալի է: Սպարտակ Պետրոսյանը այդ տարածքում 3 հեկտար ծիրանի և սալորի այգի ունի: 12 տարվա ընթացքում մեկ անգամ է բերք հավաքել: Արդեն երկու օր է սկսել են բանջարեղենի սածիլավորման աշխատանքները, բայց կարկուտն այն ամբողջությամբ ջարդել է: Բանջարեղենի տարածքները կարելի վերականգնել՝ նորից սածիլներ տնկելով, գյուղացիներն ավելի մտահոգված են պտղի վնասով:
Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Մարտիրոս Սարիբեկյանը հանձնաժողովի անդամների հետ եղել է կարկտահարված տարածքներում և կազմել համապատասխան եզրակացություն: Արմավիրի մարզում կարկուտը մեծ վնաս էր հասցրել նաև մայիսի 15-ին, 7 գյուղից Արգինայում 80-100 տոկոսով վնասվել էին պտղի այգիները:
Կարկտահարության հետևանքով վնասված մշակովի տարածքների վնասի չափը ուսումնասիրող հանձնաժողովը համապատասխան եզրակացություն անելուց հետո այն կներկայացնի գյուղնախարարություն: