Սոցիալական վիճակը չի բարելավվել. քննարկումներ ԱԺ- ում


Խորհրդարանը շարունակում է Բյուջե 2014-ի կատարողական քննարկումները: Այսօր հաշվետվություն է ներկայացրել բյուջից ամենաշատ գումարներ ստացած ոլորտի պատասխանատուն՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նախարարը ոչ միայն սոցիալական ոչ բարվոք ցուցանիշներին է անդրադարձել, այլ նաև արձագանքել է աղմկահարյուց հայտարարություններին:
Բյուջե 2014-ի կատարողականի նախորդ քննարկման ժամանակ դահլիճը լքեց Նիկոլ Փաշինյանը, այսօր՝ ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանը: Բայց եթե Փաշինյանի՝ նիստից հեռանալու պատճառը պետական կառույցների թիվ մեկ ղեկավարների բացակայությունo ու, ըստ պատգամավորի, խորհրդարանին այդպիսով չհարգելն էր, ապա Լյուդմիլա Սարգսյանի դրդապատճառն այլ էր. լրագրողներին ասաց, որ ցանկանում էր հարց տալ սոցիալական հարցերի նախարարին, բայց այդ հնարավորությունը հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նրան չտվեց:
«Իրոք վիրավորված եմ։ Ստորացուցիչ է, երբ դու հանձնաժողովի անդամ ես, 3 անգամ ձեռք ես բարձրացնում, բայց քեզ հարցի իրավունք չեն տալիս: Կարծում եմ՝ ինքն ինձ վատ չի վերաբերվում, բայց ինչու է այդպես անում, չգիտեմ»:
Թե ինչու է Հակոբ Հակոբյանն այդպես անում, Լյուդմիլա Սարգսյանը փորձեց պարզել հենց նրանից՝ նիստի ավարտից հետո, միջանցքում: Հակոբյանն արդարացավ, թե չի հասկացել, որ Սարգսյանը հարց ունի. «Էս ի՞նչ վերաբերմունք է, հանձնաժողովից միակ մարդն եմ, եկել եմ, ներկա եմ, ձայն չեք տալիս»:
«Հաջորդն իրեն պետք է ձայն տայի, ուղղակի ես երկու անգամ նայեցի տիկին Սարգսյանին, փորձեցի աչքերով հասկանալ, թե նա հարց ունի՞, չկարողացա»:
Իսկ հարցը, որ պատրաստվում էր տալ ընդդիմադիր պատգամավորը, վերաբերում էր գործազրկության նպաստներին, ավելի ճիշտ՝ դրանցից հրաժարվելու որոշմանը:
«Ժամանակին այդ նպաստները կրճատվեցին, մոտ 100 հազար գործազուրկ զրկվեց դրանցից, հիմա հայտարարվում է, որ 12 հազար գործազուրկ վերապատրաստվել և աշխատանքի է տեղավորվել: Եթե հաշվի առնեք, որ այսօր պաշտոնապես գրացված 65 հազար գործազուրկ կա, դա բավարար չէ: Կարծում եմ՝ այս ծանր սոցիալական վիճակում զբաղվածության կենտրոնները պիտի գործեին, և գրծազրկության նպաստը պետք է պահպանվեր այնքան ժամանակ, քանի դեռ վերապատրաստման հնարավորություն բոլորը կունենային»:
Իսկ սոցիալական թեման խորհրդարանում այսօր առաջնային էր Բյուջե 2014-ի կատարողականի քննարկման շրջանակներում: Ոլորտի պատասխանատու Արտեմ Ասատրյանը ներկայացրեց 2014-ին ոլորտում իրականացված ծախսերը: Ընդհանուր առմամբ՝ 2014 թ. պետբյուջեի փաստացի ծախսերի մոտ 30%-ն ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտին: Կատարված հատկացումները կազմել են 342.5 մլրդ դրամ՝ ապահովելով 97.3% կատարողական: Չնայած դրան սոցիալական հիմնական ցուցանիշները չեն բարելավվել. աղքատության ցուցանիշը գրեթե նույնն է, գործազրկության ցուցանիշն աճել է 1. 4 տոկոսով:
Բայց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ուղղված հարցերը ոչ այնքան այս, որքան հնչեղություն ստացած այլ հարցերի մասին էին: Օրերս ԲՀԿ պատգամավորները աղմկահարույց հայտարարություն արեցին, թե տեղեկություններ ունեն, որ մանկատներից օրավարձով մանկահասակ երեխաներ են վերցվում մուրացկանության մեջ ներգրավելու նպատակով: Նախարարն այսօր բացառեց այդ հնարավորությունը և փաստեր պահանջեց ԲՀԿ-ից:
«Եթե որևէ տեղեկատվություն կա, ես պատրաստ եմ մինչեւ վերջ գնալ, որովհետեւ դա համարում եմ ամենավտանգավոր երեւույթը: Եթե այդպիսի բան հաստատվի, կլինի ամենախիստ պատիժը: Բայց ես բացառում եմ նման բան՝ մեր հաստատություններում: Եթե չկան փաստեր, դրանց վերաբերյալ հայտարարություն անելը ես անթույլատրելի եմ համարում»:
Փոխարենը Արտեմ Ասատրյանը չի շտապում գնահատել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման սոցիալական հետևանքները: Հորդորում է սպասել վերջնական որոշմանը, հետո միայն գնահատել, թե ինչ ազդեցություն կունենա թանկցումը սոցիալական իրավիճակի վրա: Ամեն դեպքում՝ սակագնի ցանկացած բարձրացում մտահոգիչ է, ասում է: