Հասարակություն

Սյունիքում վախի մթնոլորտ չկա. հայտարարում են հալիձորցիները

hasmikdilanyan
Ժամանակ առ ժամանակ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ու նրան շրջապատող մարդկանց անուների հետ բազմաթիվ ու տարաբնույթ խոսակցություններ են շրջանառվում: Դրանք ավելի ակտիվացան հատկապես նրա մեքենայի ուղղությամբ հնչած կրակոցներից հետո: Մամուլում՝  պարբերաբար Սյունիքում բնակիչների շրջանում վախի մթնոլորտ է տիրում, հրապարակումներ են հայտնվում: Օրերս մարզ այցելած լրագրողների խմբի անդամներին էլ նույն հարցն էր հետաքրքրում, արդյո՞ք, սյունեցիներն ապրում են վախի մթնոլորտում: Համայնքապետերը շրջանառվող լուրերը սադրանք են որակել, սյունեցիների գերակշիռ մասն էլ նախընտրել է  լրագրողների հարցերը անպատասխան թողնել:  Սյունիքի մարզ լրագրողների այցը կազմակերպել էր «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը, որը Հայ Օգնության միության հետ համատեղ իրականացնում է «Աջակցություն շրջանառու միգրացիային ու վերաինտեգրմանը Հայաստանում»  ծրագիրը: Այն ֆինասավորում է Եվրամիությունը՝ տրամադրելով 826 հազար եվրո:

 

Մայիսի 20-ին  ժամը 18.15-ի սահմաններում  Կապան- Գորիս ավտոճանապարհին  Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձից հետո  կրկին ակտիվացան խոսակցությունները մարզպետի, նրա հարազատների հետ կապված միջադեպերի ու Սյունիքում տիրող վախի մթնոլորտի շուրջ:  Մարզի  համայնքների հիմնականում ՀՀԿ-ական ղեկավարները, սակայն, հակառակն են պնդում, նրանք բոլորը միաբերան վստահեցնում են՝ իրենք  հրաշալի  ղեկավար ունեն:

Հալիձորի գյուղապետ Մարատ Գերասիմյանը նախ բացառում է, որ Սյունիքում վախի մթնոլորտ է տիրում․ հետո նաև այս կամ այն  սկանդալային հրապարակումները` սադրանք, խոսակցություններն էլ բարբարոսություն համարում՝ նկատելով ՝«Մարզպետն իմ անմիջական ղեկավարն է, ես նախանձում եմ իմ այն կոլեգաներին, ովքեր մարզպետի հետ երկար են աշխատել»:

«Համայնքի ղեկավարը պետք է միշտ արթուն լինի»,- ասում է Գերասիմյանն ու հավելում՝  սկանդալային պատմությունների մեջ  բոլորս էլ կարող ենք ընկնել: Հալիձորի գյուղապետը նաև վստահեցնում է՝ Սյունիքում տիրող վախի մթնոլորտի մասին կարդում է միայն համացանցում:

Մարատ Գերասիմյանի մյուս կոլեգաները՝ Խոտ համայնքի ղեկավար Մարտիրոս Գրիգորյանը, Շինուհայրի գյուղապետ Սմբատ Երեմյանը գրեթե նույն պատասխաններն են տալիս: Դե իսկ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ կատարված մահափորձը չուզողների առկայությամբ պայմանավորում:

Ճշմատության դեմ չմեղանչելու համար նշենք, որ շարքային սյունեցիներն էլ  էին դրական արտահայտվում Սուրիկ Խաչատրյանի ու նրա մերձավորների մասին,  նրանց մի մասը, սակայն, խուսափում էր ձայնագրվելուց:

Նկատենք նաև, որ ոչ մեծ թվով, այդուհանդերձ, հանդիպեցինք սյունեցիների, ովքեր հաստատեցին լուրերը, որ Սյունքիում վախի մթնոլորտ է տիրում: Նրանց մեծ մասը հիմնականում նախընտրում էր լռել:

Հավելեմ նաև, որ Սյունիքի մարզ լրագրողների այցը կազմակերպել էր «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը, որը Հայ Օգնության միության հետ համատեղ իրականացնում է «Աջակցություն շրջանառու միգրացիային ու վերաինտեգրմանը Հայաստանում»  ծրագիրը: Այն ֆինասավորում է Եվրամիությունը՝ տրամադրելով 826 հազար եվրո:

Back to top button