Տնտեսական

Հայաստանի համար ԵՄ հետ գործակցության սպասելիքները նոր ձեւակերպում են ստանում

lianaeghiazaryan
Ի՞նչ տնտեսական հեռանկարներ են սպասվում Հայաստանին Ռիգայի գագաթնաժողովից հետո: Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովից հետո Հայաստան-ԵՄ հարաբերություններն ինչ նոր ուղղություն կարող են ստանալ: ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն, անդրադառնալով այս հարցերին, շեշտում է` Ռիգայի գագաթնաժողովից հետո Հայաստանի մասով ուրվագծվում է զարգացման մի քանի ուղղություն՝ Հայաստան- Եվրամիություն ստորագրվելիք փաստաթղթի մասով, ավիացոն ծրագրերի մասով, Բրյուսելը և Երևանը շարունակելու են վիզաների ռեժիմի դյուրացման և նոր պայմանագրի պատրաստման ուղղությամբ երկխոսությունը և այլն:


Հիշեցնեմ` մայիսի 21-22-ին Ռիգայում Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի արդյունքում ընդունված հռչակագրից պարզ է դառնում, որ Եվրամիությունը շարունակելու է երկխոսել «արևելյան գործընկերների» հետ, բայց այս անգամ ցուցաբերելով ավելի տարբերակված մոտեցում: Փորձագետները և Եվրամիության ներկայացուցիչները դա բնական են համարում, քանի որ Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրները Եվրամիության հետ ինտեգրացիայի տարբեր մակարդակներում են գտնվում: Եվրոպական միության տարբերակված քաղաքականության որդեգրման մասին նախկինում հնչող ենթադրությունները հաստատեց ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը Ռիգայի գագաթնաժողովից առաջ տված մամուլի ասուլիսի ժամանակ: Գարեգին Մելքոնյանի խոսքով` քննարկումները դեռ մտքերի քննարկման ձւաչափով են, պաշտոնական ոչ մի բան դեռ չկա: Իսկ սպասելիքները փոխնախարարն այսպես է ձեւակերպում:

«Հրապարակված փաստաթղթերում Հայաստանի մասով կա մի քանի հղում, խոսք է գնում Հայաստան-ԵՄ ավիացիոն ծրագրի, «Հորիզոն 2020» ծրագրին ՀՀ անդամակցության մասին` գնահատելով մեր երկրում վիճակն ու արված աշխատանքը»:

ԵՏՄ-ին անդամակցությունը խմբագրումներ մտցրեց Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մեջ: Սա իրավական նոր ձեւաչափ է ենթադրում, որը պետք է ամրագրվի առաջիկայում ստորագրվելիք փաստաթղթերում, ասում է  ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:«Ստորագրվելիք փաստաթղթում հնարավորինս պետք է ամրագրվեն ընդհանուր պայմանավորվածությունները ըստ առանձին ոլորտների, որոնք  ներառված էին ասոցացման եւ  խորը համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրերում»:

Փաստաթղթային կարգավորումներն արդյոք կարող են իրական ազդեցություն ունենալ ԵՄ հետ տնտեսական հարաբերությունների վրա: Սեփական հարցին հոռետեսական պատասխան է տալիս ԱԺ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Եթե թվում է, որ, Եվրամիության հետ համաձայնագիր կնքելով, հայկական ապրանքները կլցվեն եվրոպական շուկա, այստեղ ես վերապահումներ ունեմ, ասում է: Լինելով ԵՏՄ կազմում` դրանից բխող մաքսային համաձայնագրերով, կարող ենք արդյոք հետամուտ լինել Եվրոպայի հետ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Մեր ընդհանուր տնտեսական հարցերն ում հետ պետք է համաձայնեցնենք` ԵՄ-ի, թե ԵՏՄ-ի, հարց է բարձրացնում ԲՀԿ-ական պատգամավորը:

Հայաստանի համար ԵՄ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի հիմնական արդյունքներից խոսելիս Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը շեշտում է` իր համար շատ կարեւոր է, որ  Եվրոպայի հետ գործառույթներն ընթանում են՝ թեկուզ առանց փաստաթուղթ ստորագրելու: Գուցե փաստաթղթերի առանձնակի կարիք չկա էլ, ասում է նա, քանի որ Ռուսաստանը Եվրոպայի հետ գործակցության մեջ ռիսկային տարրեր է տեսնում: Եթե մեր արտաքին գործերի նախարարը հայտարարություններ է անում, դա դեռ չի նշանակում, որ Ռուսաստանը դրանից հետո ոչ մի ասելիք կամ անելիք չի ունենա:

Իսկ Եվրոպան էլ իր սկզբունքներից չի հրաժարվում, որ արեւելյան երկրների արտադրանքը իր շուկա մտնելիս հատկապես ֆիտոսանիտարիայի մասով լուրջ պահանջների պետք է համապատասխանի: Այստեղ մի շար «բայցեր» կան, որոնք Մակարյանը  բաժանում է 5 խմբի. մեր բիզնեսներն ունեն խնդիրներ, առաջին` ինչպես ներկայանալ եւ բանակցել, երկրորդ` ապրանքների որակ եւ դրանց միջազգային սերտիֆիկատների առկայություն, երրորդ` դրանց մակնշումը ԵՄ պահանջներին համապատասխան, չորրորդ` քանակի ապահովում, 5-րդ` մատակարարման ժամկետեր եւ փուլեր: Մենք դեռ այսքան փուլեր ունենք հաղթահարելու:

Ցուցադրել ավելի
Back to top button