ԿարևորՔաղաքական

Ս. Սարգսյան. «Մենք ճամփորդներն ենք մի նոր ճանապարհի, որ սկսվել է 1918 թ.-ի մայիսի 28-ին»

karenghazaryan

Սարդարապատի հերոսամարտին եւ Հանրապետության տոնին նվիրված գլխավոր միջոցառումներն այսօր տեղի են ունեցել Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում: Զինվորական շքերթից հետո, Սարդարապատի թանգարանում տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն: Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով՝ Հանրապետության օրվա կապակցությամբ բազմամյա վաստակի, արգասաբեր աշխատանքի, հայրենանվեր գործունեության, ինչպես նաեւ հայրենիքին անմնացորդ նվիրումի համար տարբեր ոլորտների մի խումբ ներկայացուցիչներ պարգեւատրվել են պետական պարգեւներով եւ բարձրագույն կոչումներով։

Սարդարապատում գրեթե ողջ օրվա ընթացքում տոնական տրամադրություն էր: Հաղթական հերոսամարտն ու Հանրապետության օրվա խորհուրդը վերաիմաստավորելու ու վերագնահատելու համար այստեղ էին աշխարհիկ ու հոգեւոր դասի ներկայացուցիչներ, քաղաքացիներ: Նրանք եկել էին տոնելու Հանրապետության օրն ու Սարդարապատի հերթական հաղթական տարեդարձը:

Օրվա խորհուրդը ոչ միայն հայոց պատմության փառահեղ էջը վերաիմաստավորելն ու վերագնահատելն է, այլեւ՝ ներկայի ու ապագայի մասին խորհելը: Իմ զրուցակիցներից Ծաղկանուշ Գրիգորյանը, օրինակ, կարծիք հայտնեց, որ ներկայում անելիքները շատ են, իսկ ապագայից կան մեծ ակնկալիքներ: Պարզապես, նրա համոզմամբ, անհրաժեշտ է պահել այն հաղթական ոգին, որը կերտվեց Սարդարապատում ու հասավ մինչեւ Արցախյան հերոսամարտ։

Անցյալի դասերը պարտավորեցնում են համախմբվածության եւ միասնականության, ասաց զրուցակիցներիցս մեկը՝ Տիգրան Ասլանյանը: Նա 44 տարի պատմություն է դասավանդել Հուշակերտի միջնակարգ դպրոցում:

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի մոտ տեղի ունեցավ զինվորական տոնական շքերթ: Հուշահամալիրի տարածքում օրվա խորհրդին համահունչ տոնական համերգներով եւ ցուցադրություններով հանդես եկան Արմավիրի եւ Արագածոտնի մարզի տարբեր համայնքներից ժամանած գեղարվեստական խմբեր:

Օրվա գլխավոր միջոցառումներից մեկն էլ անցկացվեց Սարդարապատի թանգարանում: Հանրապետության օրվա կապակցությամբ բազմամյա վաստակի, արգասաբեր աշխատանքի, հայրենանվեր գործունեության, ինչպես նաեւ հայրենիքին անմնացորդ նվիրումի համար տարբեր ոլորտների մի խումբ ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանով պարգեւատրվել էին պետական պարգեւներով եւ բարձրագույն կոչումներով: Թվով 80 հոգի Սարդարապատ էին եկել՝ վաստակած պետական պարգեւներն ու բարձրագույն կոչումները անձամբ հանրապետության նախագահից ստանալու: Հուզումնալից, պատասխանատու ու պարտավորեցնող պահ է, ասում էին նրանք:
Ի դեպ՝ Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Երվանդ Երզնկյանն արժանացավ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչման:

Պարգեւատրվածների թվում տարբեր մասնագիտություններ ու ավանդ ունեցողներ են՝  շարքային զինվորներ եւ սպաներ, մանկավարժներ, արվեստի գործիչներ, ինժեներներ, ճարտարապետներ, նաեւ՝ Սփյուռքից աչքի ընկած գործիչներ: Երկու բազմանդամ ընտանիք էլ պարգեւատրվեց «Ծնողական փառքի» մեդալով: Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղից Սարգսյանների ընտանիքը 12 երեխա է մեծացնում, իսկ Արագածոտնի մարզի Իրինդ գյուղում բնակվող Մարտուն եւ Լարիսա Մարկոսյանները 14 երեխա ունեն:

Արժանավորներին գտնելու, գնահատելու եւ խրախուսելու գործը կարեւոր է յուրաքանչյուր հասարակության համար՝ շնորհավորանքի իր խոսքում նշեց նախագահ Սերժ Սարգսյանը: «Կարեւոր է, քանի որ մենք այդպիսով հնարավորություն ենք ստանում երախտագիտություն հայտնելու կատարված աշխատանքի համար: Կարեւոր է, քանի որ ի հայտ են գալիս ընդօրինակման արժանի մարդիկ, ում նվիրումը եւ ջանքն աննկատ եւ անարդյունք չեն անցնում: Կարեւոր է, քանի որ այն, վերջիվերջո, նաեւ խրախուսում է ձեզ, սիրելի՛ գործընկերներ, որպեսզի ձեռք բերված դափնիներով չբավարարվեք եւ կանգ չառնեք»:

Խորհրդավոր է փաստը, որ պետական բարձր պարգեւներ են հանձնվում հենց այսօր: Սարդարապատի հաղթանակն ու Հանրապետության օրը, նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով, վկայում  են մեր ժողովրդի հերոսական ոգու եւ պայքարելու կամքի, ապրելու եւ վերածնվելու կարողության եւ օրհասական պահին իրար անխորտակելի թիկունք դառնալու ունակության մասին:

Թերությունները շտկելու ու ավելի լավ Հայաստան կառուցելու նվիրմանն ու ավյունին երկրի ղեկավարը հավատում է: Հրապարակելով Հանրապետության տոնի առթիվ հայ ժողովրդին հղած ուղերձը՝ նախագահ Սերժ Սարգսյանը մասնավորապես շեշտեց. «Մայիսի 28-ը հայերի փրկության, վերապրումի եւ վերածնունդի մեկնարկի օրն է: Իհարկե, անկախության հռչակմամբ մեր փորձությունները չավարտվեցին, նոր փորձություններ սկսվեցին, բայց դրանք մենք արդեն դիմակայում էինք որպես պետականորեն կազմակերպված ազգ: Մենք ճամփորդներն ենք մի նոր ճանապարհի, որ սկսվել է 1918 թ.-ի մայիսի 28-ին»:

Առաջին Հանրապետության բովանդակությունն ու պատգամները շեշտադրելով՝ նախագահ Սերժ Սարգսյանը առանձնացրեց ամենաառանցքային երեք կետեր՝ Հայաստանը համայն հայության հայրենիքն է, Հայաստանում իշխում են հանրապետական կարգեր եւ ժողովրդավարական արժեհամակարգ եւ երրորդ՝ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է:

«Սրանք այն փարոսներն են, որոնցով մենք կողմնորոշվում ենք նաեւ այսօր մերօրյա, երբեմն իսկապես փոթորկալից նավարկությունների ընթացքում: Հավերժ փառք բոլոր այն հայորդիներին, ովքեր կերտեցին մայիսի 28-ը: Փառք Հայաստանի առաջին հանրապետությանը, որ հիմնասյունն է ներկա եւ ապագա Հայաստանի»,-Հանրապետության օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձը եզրափակեց նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button