Հասարակություն

Ուրուգվահայ պատվիրակության հայաստանյան տպավորությունները

aidaavetisyan
Հայաստանում են Ուրուգվայից ժամանած  մեր հայրենակիցները, ովքեր արդեն պատկառելի տարիքում առաջին անգամն են Մայր հայրենիքում: Հայաստանի  մասին պատմություններ շատ են լսել ու կարդացել, սակայն հայրենիքը տեսնելն ու  Ծիծեռնակաբերդի բարձունք բարձրանալը եղել է բաղձալի երազանք: Ուրուգվահայ պատվիրակությունը նաև երկօրյա շրջայց կկատարի Արցախում:

 

Հարավային Ամերիկայում գտնվող Ուրուգվայում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո ձևավորվել է  հայկական մեծաթիվ գաղութ: Այդ  ժամանակաշրջանում  տեղի հայության թիվը կազմել  է մոտ 3000, սակայն նրանց թիվը մեծացել է 1926-ից հետո, երբ արդեն սկսվել է  հայ գաղթականների երկրորդ ստվար հոսքը: Արդեն 2003 թվականի տվյալներով՝ Ուրուգվայում մոտ  15000 հայ է ապրում, ում կապը մայր հայրենիքի հետ,  Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոժամի տնօրեն Կարո Հեքիմյանի խոսքով, ուժգնացել է հատկապես վերջին 10 տարիների ընթացքում: ֆինանսական  խնդիրներ կան, այլապես այդ կապն ավելի  վաղուց  կձևավորվեր, ասում է և նշում, որ  ուրուգվահայ երիտասարդությունը յուրաքանչյուր հարցի նոր մտքով է մոտենում:

«Հիմա ձեռք ձեռքի տված կաշխատեն այս երիտասարդները, մի քանի կազմակերպություններից են, սակայն դա կարևոր չէ, կարևորը ընդհանուր աշխատանքն է, հայրենիքին ծառայելը: Եվ հիմա կապը հայրենիքի հետ հատկապես այս վերջին 10 տարիների ընթացքում շատ զորավոր է: Մենք, օրինակ, հիմա երկու  երիտասարդ ունենք, որ Հայաստանում եկել են  հայերեն սովորելու: Նրանք նաեւ իսպաներեն են սովորեցնելու նրանց, ովքեր չգիտեն այդ լեզուն: Կապը երկուստեք այսպես կշարունակվի»:

Մայր հայրենիքը  տեսնելու  փափագը սրտներում՝ այսօր արդեն  ուրուգվահայերի  ստվար զանգված այցելել է Հայաստան՝ սեփական աչքերով տեսնելու հայրենիքի մասին լսածն ու կարդացածը: Ուրուգվայում  բժշկի կրթություն ստացած, մոր և հոր ջանքերով մայրենին պահպանած  Միլտոն Սարգիսյանն արդեն  կատարել է բաղձալի երազանքը՝ հայրենիքում է ՝ ասում է առաջինն է, սակայն ոչ՝ վերջինն ու կիսվում հայաստանյան իր տպավորություններով:

«Կոմիտաս» ռադիոժամի  աշխատակից  Վահան Մինասյանը տասը տարի է  որոշում  Հայաստան գալ, սակայն  որոշ խնդիրների  պատճառով  հետաձգվում է:  Երկար տարիների  փափագն արդեն կատարված է: Ուրգվայում  հայ մշակույթը  եկող սերունդներին  անաղարտորեն փոխանցելու գործին լծված  Վահան Մինասյանը Մայր հայրենիքի մասին շատ պատմություններ է լսել ու կարդացել, սակայն ասում է, մինչև աչքովս չտեսնեի, դրանք  ինձ ոչինչ չէին ասի: Արդեն որոշել է՝ երկու թոռները ծառայելու են հայկական բանակում:

Ուրուգվայն առաջին պետությունն էր, որ 1965 թվականին ճանաչեց հայոց ցեղասպանությունը: Ամեն տարի  անմեղ զոհերի հիշատակը վառ պահելու համար  ուրուգվահայերը ապրիլի 24-ին կազմակերպում են  քայլերթ, որին էլ մասնակցում է մոտ 600 հոգի, սակայն այս տարին Կարո Հեքիմյանն առանձնացնում է: Ոգեկոչման այս արարողությանը  ոչ միայն մասնակցել է  մոտ 4000 մարդ, այլև Ուրուգվայի ներկա և նախկին 4 նախագահները:

Ցուցադրել ավելի
Back to top button