Բազմաթիվ նոր խախտումներ եւ կեղծիքներ՝ Բուդաղյանների քրեական գործում


Այսօր լրագրողների հետ է հանդիպել Բուդաղյանների գործով փաստաբան Հայկ Ալումյանը Բուդաղյանների գործով նոր զարգացումները ներկայացնելու համար: Նշել է, որ բազմաթիվ նոր խախտումներ եւ կեղծիքներ են հայտնաբերվել այդ քրեական գործում, արդյունքում դատարանը հրավիրել եւ հարցաքննել է Բուդաղյանների գործը քննած երկու քննիչներին: Ի դեպ՝ երկուսն էլ այս պահին զբաղեցնում են ավելի բարձր պաշտոններ: Հայկ Ալումյանը նաեւ նշել է, որ 2013 թվականի հունիսի 1-ին տեղի ունեցած արյունալի միջադեպի գործի մի մասով Եվրոպական դատարանում արդեն հայտարարություն է գրանցվել փաստաբանի գանգատի առնչությամբ:
«Անմեղության կանխավարկածը Հայաստանում փոխարինվել է անպատժելիության կանխավարկածով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Բուդաղյանների գործով փաստաբան Հայկ Ալումյանը՝ կանխատեսելով, որ նման մթնոլորտում մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մերձավորների մասնակցությամբ իրավախախտումները Սյունիքի մարզում դեռ շարունակվելու են:
Որպես Բուդաղյանների փաստաբան Ալումյանը չցանկացավ անդրադառնալ Սյունիքի մարզպետին ու նրա որդուն առնչվող վերջին դեպքերին: Համառ պնդումներից հետո միայն մարզպետի հանդեպ մահափորձի փաստը գնահատեց այսպես:
«Տարօրինակ է, որ այդքան կրակոցների արդյունքում ոչ ոք չի վնասվել: Ըստ բանախոսիˋ եթե այդ կրակոցները չլինեին, այսօր մամուլի կողմից ամենաշատ քննարկվող հարցը Տիգրան Խաչատրյանի արարքի քննարկումը պետք է լիներ, իսկ սա փորձ էր՝ շեղելու լրագրողների ուշադրությունը Տիգրան Խաչատրյանի գործից»:
Խոսքը «Սըդըխի գյոլ» կոչված տարածքում մարզպետի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի մասին է, բայց դրան էլ փաստաբանը չանդրադարձավ: Գերադասեց կենտրոնանալ գործին, որով զբաղվում է: Տեղեկացրեց, որ 2013 թվականի հունիսի 1-ին տեղի ունեցած արյունալի միջադեպի գործը այս պահին քննվում է երեք տարբեր ատյաններում: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Արտակ Բուդաղյանի մեղադրանքով քրեական գործը: Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Բուդաղյանների բողոքների հիման վրա գործ եւ Եվրոպական դատարանում արդեն հայտարարություն է գրանցվել փաստաբանի գանգատի առնչությամբ:
Հայկ Ալումյանի պնդմամբ՝ բազմաթիվ նոր խախտումներ եւ կեղծիքներ են հայտնաբերվել այդ քրեական գործում, արդյունքում դատարանը հրավիրել եւ հարցաքննել է Բուդաղյանների գործը քննած երկու քննիչներին: Նրանցից մեկը ազատ էր արձակել մարզպետի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին եւ Զարզանդ Նիկողոսյանին, փոխարենը՝ մեղադրանք առաջադրելով Արտակ Բուդաղյանին:
Փաստաբանի ներկայացմամբ՝ քննիչների հետ կապված խնդիրը մի դեպքում՝ դեպքի վայրի զննության տեսագրության բացակայությունն է, մյուս դեպքում՝ ընթերականների ներկայությամբ հաշված 26 թերթերից 10-ի բացակայությունն է: Ընդ որում, բացակայում են այն թերթերը, որոնք առնչվում են Սուրիկ Խաչատրյանի հեռախոսային զրույցների վերծանությանը:
Փաստաբանը հարկ համարեց այսօր հստակեցնել եւս մեկ փաստ՝ հաշվի առնելով վերջին շրջանում որոշ լուրերի տարածումը: Փաստաբանը տեղեկացրեց, որ Տիգրան Խաչատրյանի արյան եւ մազերի փորձաքննության արդյունքում պարզվել էր՝ նա թմրանյութի ազդեցության տակ է եղել: Նախաքննության ժամանակ Տիգրան Խաչատրյանը ասել է, որ իրենք տանը հաճախ կանեփի սերմեր են ուտում: