Հասարակություն

Սփյուռքի առաջին հայկական ռադիոկայանը 80 տարեկան է

aidaavetisyan
Արդեն  երկրորդ անգամ Ուրուգվայի  «Կոմիտաս» ռադիոժամն իր հոբելյանները նշում է Հայաստանում:  2010 թվականին 75-ամյակը, իսկ  երեկ  ՀՀ սփյուռքի նախարարության և «Համազգային» հայ կրթական և մշակութային միության կազմակերպությամբ տոնեց իր հիմնադրման  80-րդ տարեդարձը:  Հանդիսավոր արարողությանը ներկա գտնվելու համար Հայաստան է ժամանել 60 հոգանոց պատվիրակություն: Ռադիո Կոմիտասի  հոբելյանական տարում   Հայաստանի Հանրային ռադիոն և Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոժամը  հռչակվեցին քույր ռադիոներ:

 

Ուրուգվահայ գաղութը  կազմավորվել է 1920-ական թվականերին, երբ  Մեծ եղեռնից մազապուրծ  և Մերձավոր Արևելքի  երկրներում ապաստանած ստվար խմբերը հաստատվել են  Ուրուգվայում: Հենց այդ սերնդի մեծ փափագն էր ստեղծել հայալեզու  ռադիոժամ, որի  առաքելությունը պետք է լիներ մայրենի  լեզուն պահպանելը,  հային ներկայի ու անցյալի հետ կապելը,  նրան դարձնել  իր պատմության ու ժառանգության  տերն ու ապագա սերունդներին  փոխանցել հայկական ավանդույթները: 1935 թվականին  ստեղծվեց սփյուռքի առաջին հայկական  ռադիոկայանը` «Կոմիտաս» ռադիոժամը, որն էլ դարձավ  հենց այդ առաքելություններն իրագործողը:

Այս տարի ռադիոժամը Հայաստանում տոնում է իր հիմնադրման  80-ամյակը:  Այդ կապակցությամբ էլ Հայաստան են այցելել  ռադիոժամի ուրուգվահայ ունկնդիրներ ու   աշխատակիցներ:   80 տարիների ընթացքում Կոմիտաս ռադիոժամը եղել է նաև  դարբնոց, որտեղ թրծվել են հաղորդավարներ  ու լրագրողներ, որոնք այսօր, ըստ ռադիոժամի տնօրեն  Կարո Հեքիմյանի, մեծ համբավ են վայելում Մոնտեվիդեոյում, իսկ ռադիոժամն այս տարիների ընթացքում  ապահովել է իր ունկնդիրների հոծ բանակը:

«Շատ ունկնդիրներ ունինք թե Մոնտեվիդեոյում, թե դրսի գավառներում, որոնք կունկնդրեն, կզանգեն մեզ, կասեն  ինչ գեղեցիկ երաժշտություն ունիք: Ձեր պատմություն տխուր է, բայց  դուք առաջ գնացեք»:

Ուրուգվայն առաջին պետությունն էր, որ 1965 թվականին  ճանաչեց հայոց ցեղասպանությունը և մյուս երկրների համար  դարձավ փայլուն օրինակ` ճանաչելու և դատապարտելու Թուրքիայի կողմից կատարվածը: «Կոմիտաս» ռադիոժամը անընդմեջ իր եթերներում  բարձրաձայնում է  հայոց ցավի մասին և փորձում դրանով իսկ աշխարհի ուշադրությունը կենտրոնացնել  հայ դատի հանգուցալուծման  վրա: Եվ Ուրուգվայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը  ռադիոընկերությունը  համարում է իր  80 տարիների մեծ  ձեռքբերումը:

Հայաստանի հետ, հայության համար: Այս կարգախոսով է առաջնորդվել սփյուռքի հայկական առաջին ռադիոկայանը  և հայապահպան առաքելությունները հարիր կատարելու  համար էլ  ՀՀ վարչապետի կողմից   պարգևատրվեց  «Կոմիտաս» մեդալով, որն էլ վերջինիս հանձնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Մեր ռադիոժամի ղեկավարը մեր մայրենի դեսպանն է հեռավոր Ուրուգվայում»:

Հայաստան- Ուրուգվայ հեռավորությունը կրճատվել է «Կոմիտաս» ռադիոժամի շնորհիվ,  կարևորելով  ռադիոընկերության  գործունեությունը նշեց  ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը:

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանն էլ մատնանշեց երկու ռադիոների նմանություններն ու մեկ գաղափարի շուրջ համախմբվելը`  պահպանել ոսկեղենիկ  մայրենին, ազգային ավանդույթներն ու այն անաղարտ կերպով փոխանցել սերունդներին,  ինչպես նաև կարևորեց  սփյուռքում    հայապահպան առաքելությունը:  Հանրային ռադիոն հայապահպան գործունեություն   սկսել է դեռևս 1947 թվականին, երբ  ստեղծվեցին    արտասահմանի համար տրվող հաղորդումները,  իսկ  Ուրուգվայում էլ նման  գործառույթ է կատարում ռադիո «Կոմիտասը»,  նշեց Արմեն Ամիրյանն ու  երկու ռադիոներին  հռչակեց  քույր  ընկերություններ:

Ուրուգվայի  համար ռադիոն արժեք է և  կոմիտաս ռադիոժամի համագործակցությունը Հայաստանի Հանրային ռադիո հետ,   մեծ  ճանապարհ  կհարթի  սփյուռքի  առաջին  հայկական  ռադիոկայանին հետագա գործունեության ընթացքում, նշեց  Կարո Հեքիմյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button