Ստորագրվել է հայ-կիպրական ռազմական համագործակցության 2015 թվականի ծրագիրը


Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի հանրապետության ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորոս Ֆոկաիդեսին այսօր ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: ՊՆ վարչական համալիրում դիմավորման արարողությնունից հետո կայացել է Կիպրոսի և Հայաստանի պաշտպանության նախարարների առանձնազրույցը և երկու պետությունների պատվիրակությունների հանդիպումը: Ստորագրվել է հայ-կիպրական ռազմական համագործակցության 2015 թվականի ծրագիրը, որից հետո պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել մամուլի ասուլիսով:
«Հայ-կիպրական հարաբերությունները պաշտպանության ոլորտում հենված են բարեկամական հարաբերությունների, փոխադարձ աջակցության ու ընդհանուր մոտեցումների վրա»,- Կիպրոսի հանրապետության ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորոս Ֆոկաիդեսի հետ առանձնազրույցին ու երկու պետությունների պատվիրակությունների հանդիպմանը հաջորդած մամլո ասուլիսում հայտատրեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով, որ համագործակցության շրջանակներում ստեղծվել է պայմանագրաիրավական ամուր հիմք, որն իրականացվում է ամենամյա ծրագրերի համաձայն:
Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում այսօր ստորագրվել է հայ-կիպրական ռազմական համագործակցության 2015 թվականի ծրագիրը:
Հայ-կիպրական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ստեղծվել է միջպետական կառավարական հանձնաժողով, որի առաջիկա նիստում կհստակեցվեն համագործակցության բոլոր շրջանակները: Սեյրան Օհանյանի տեղեկացմամբ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտնագության խնդիրներին:
Քննարկումների ընթացքում Կիպրոսի պաշտպանության նախարարն առաջարկել էր վարժական համատեղ միջոցառումների շրջանակում անցկացնել համատեղ զորավարժություններ: Սեյրան Օհանյանն ասաց, որ հայկական կողմն ընդունել է առաջարկը: «Հայ-կիպրական բարեկամությունն ամրագրված է անգամ մեր գենետիկ կոդում: Միջազգային ոլորտում Հայաստանը Կիպրոսի ամենակարևոր բարեկամ երկրներից է համարվում»,-լրագրողների հետ հանդիպմանը նշեց Կիպրոսի հանրապետության ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորոս Ֆոկաիդեսը:
«Հայաստանի ու Կիպրոսի միջև ռազմական և ռազմատեխնիկակակն համգործակցությունը կիրականացվի տարբեր ոլորտներում: Իսկ այդ համագործակցությունն ուղղված է միմիայն խաղաղությանը»,-ընդգծեց Կիպրոսի պաշտպանության նախարարը: