Հասարակություն

Մինչեւ տարեվերջ շահագործման կհանձնվի Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը.

karenghazaryan
«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցվող Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը շահագործման կհանձնվի մինչեւ այս տարեվերջ կամ հաջորդ տարվա սկիզբ՝ կախված եղանակային պայմաններից: Այս մասին այսօր տեղեկացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն արա Վարդանյանը՝ վստահեցնելով, որ հավաքագրված գումարները լիովին բավարար են այդ ամենի համար: Ընդհանուր առմամբ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանում եւ Արցախում իրականացրել է  76 մեծ, միջին եւ փոքր ծրագիր: Այսօր տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որում ամփոփվել են կատարված աշխատանքները:

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 36 անդամներից նիստին ներկա են 24-ը, 12-ը բացակայում են հարգելի պատճառներով՝ հայտարարեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Մինչ նիստի մեկնարկն էլ մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին կյանքից հեռացած հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արգենտինացի անդամ Էդուարդո Սեֆերյանի հիշատակը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական մարմինների 24-րդ համատեղ նիստում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոգաբարձուների խորհրդի անդամ Անդրանիկ Բաղդասարյանին հանձնեց հիմնադրամի նվիրատու-բարերար անդամի վկայական՝ հիմնադրամի ծրագրերին  900 հազար ԱՄՆ դոլար տրամադրելու համար։ Այնուհետեւ, նիստում ցուցադրվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան գործունեությունն ամփոփող տեսաֆիլմ, որում ներկայացված էին  իրականացված ծրագրերի մանրամասները:  Հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ այդ ծրագրերի մեջ են նաեւ համայնքային կենտրոնների կառուցումները, հիվանդանոցների կառուցում, ջրատարներ, գազատարներ, դպրոցներ, մանկապարտեզներ:

«Ընդհանուր առմամբ մենք իրականացրել ենք թվով 76 մեծ, միջին եւ փոքր ծրագրեր»:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչներն արդեն հասցրել են նաեւ տեղերում ծանոթանալ կատարված աշխատանքներին: Ավստրալիայից Սիդնեյի Հայաստան համահայկական հիմնադրամի ներկայացուցիչ Հայր Բարսեղ ծայրագույն վարդապետ Սուսանյանն, օրինակ, տեղեկացրեց, որ այցելել է Արցախ եւ նաեւ Հայաստանի որոշ համայնքներում ծանոթացել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով իրականացված որոշ ծրագրերի:

«Արցախում տեսանք մի քանի գյուղերի համայնքային կենտրոնները: Սասունիկում էլ ծանոթացանք կառուցված դպրոցին, իսկ Գյումրիում՝ հաշմանդամների համար նախատեսված լողավազանը տեսանք: Շատ գեղեցիկ կառույցներ էին եւ հուսով ենք, որ այդ բոլորը արդյունավետ կգործածվեն»:

Իտալիայի Հայոց միության ատենապետ եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչ Պայքար Սվազլյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց կողմից հովանավորվող ծրագրերը հիմնականում ուղղված են մատաղ սերնդին: Մոտ 10 օր Արցախում եւ Հայաստանում ծանոթացել են կատարված աշխատանքներին:

«Աշխատանքները լավ են: Դեռ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի հարցը կա: Տեսանք, որ այս ճանապարհի կառուցման համար դեռ շատ գործ կա անելու: Գործն առաջ գնում է, սակայն, դեռ անելիք շատ կա ու գումարների անհրաժեշտություն կա, հետեւաբար՝ երբ վերադառնանք, մեր գաղութներում այս ուղղությամբ պիտի աշխատենք եւ ավելի ուժ տանք, որ արագ ավարտվի այդ ճանապարհի կառուցումը»:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի փոխանցմամբ՝ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի  ամբողջ հատվածի հողային աշխատանքներն արդեն ավարտված են, Հայաստանի մասում կատարվել է  նաեւ ասֆալտապատումը: Արա Վարդանյանը վստահեցրեց, որ ավարտելու համար հայթայթված միջոցները լիովին բավարար են:

«Մինչեւ այս տարվա վերջ եւ հաջորդ տարվա սկիզբ ճանապարհն  ամբողջությամբ կլինի ասֆալտապատած: Դա կախված է եղանակից: Եթե եղանակը թույլ տա, որպեսզի շինարարները մինչեւ տարվա վերջ կարողանան շխատել, ապա կարող ենք վստահ ասել, որ ճանապարհն ամբողջությամբ մյուս տարի կբացվի»:

Անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումարներ հատկացնելու տրամադրվածության խնդիրներին՝ Արա Վարդանյանը շեշտեց, թե նախկին տարիների համեմատությամբ ինքը տրամադրվածության փոփոխություն չի տեսնում: Ըստ նրա՝ փոխվել է միայն մեկ բան. 10-15 տարի առաջ  կար զգացմունքային դրամահավաքություն, այսինքն՝ այն ժամանակ նորանկախ պետությունում խնդիրներն ակնհայտորեն շատ-շատ էին եւ դա երեւում էր հենց մեր օդանավակայանից, իսկ այսօր իրավիճակն այլ է:

«Թե մեր օդանավակայանից, թե Երեւան քաղաքից դժվար է ենթադրել, որ դեռեւս կան գյուղեր, որտեղ կա խմելու ջրի խնդիր, որտեղ կա դպրոցի խնդիր, եւ դա արդեն պահանջում է ամենօրյա աշխատանք մեր տեղական մարմինների եւ մեր կողմից, որպեսզի մենք կարողանանք մարդկանց ցույց տալ ճիշտ խնդիրները եւ խնդրենք, որպեսզի նրանք սատարեն մեզ»:

Հոգաբարձուների խորհրդում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ներկայացնում է նոր ծրագրային առաջարկ, որի համար էլ գումարներ կհավաքվեն այս տարի անցկացվելիք մարաթոնների ընթացքում:

Ցուցադրել ավելի
Back to top button