«Հայփոստ» ընկերությունը կմասնավորեցվի


«Հայփոստ» ընկերությունը կմասնավորեցվի՝ 100 տոկոս կանոնադրական կապիտալով: Նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում:
« Ընկերության մասնավորեցումը կնպաստի ՀՀ-ում փոստային կապի ոլորտի զարգացմանը»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ: Նկատենք, որ «Հայփոստ»-ը ՀՀ փոստային կապի ազգային օպերատորն է: Որպես հիմնական գործունեություն` այն մատուցում է փոստային կապի ունիվերսալ և փոստային կապի այլ ծառայություններ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Մինչ այժմ, ընկերության միակ բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն էր` ի դեմս ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության: 2015թ.-ի հունվարի 1-ի տվյալներով ընկերությունում աշխատել է 2,959 մարդ:
«Ընկերության մասնավորեցումը կնպաստի ՀՀ-ում փոստային կապի ոլորտի զարգացմանը, հանձինս այդ ոլորտում իրականացվող նոր ներդումների, նոր, ժամանակակից սարքավորումների և տեխնիկայի ներդրման, ֆիզիկական ենթակառուցվածքների վերականգնմանը և արդիականացմանը, ինչպես նաև կիրականացնի սոցիալական ծրագրեր աշխատատողների համար»,- ասված է որոշման նախագծում:
Նախագծով առաջարկվում է ընկերությունն ընդգրկել պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում: Ընկերության կանոնադրական կապիտալը 520 993 000 դրամ է: