ՄշակույթՑեղասպանություն 100

Իռեն Ավագյանի ոգեկոչման մենահամերգը՝ Թբիլիսիի սուրբ Էջմիածին եկեղեցում

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի


Թբիլիսիի սուրբ Էջմիածին եկեղեցում տեղի է ունեցել վիրահայ երգչուհի Իռեն Ավագյանի մենահամներգը:  «Աղաչանք»  խորագրով համերգը ոգեկոչում էր Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը:

 

 

 

Սա իմ տեղն է, որտեղից ուզում եմ երգել ու աղոթել, ասում է վիրահայ երիտասարդ երգչուհի  Իռեն Ավագյանը,  հուզվելով, նաև, որ առաջին անգամ մենահամերգ է ունենում եկեղեցում` այն նվիրելով ցեղասպանության մեկ  ու կես միլիոն նահատակների հիշատակին.

«Ես եկեղեցի մուտք գործելիս, զգացի, որ այստեղ է իմ տեղը, որտեղից  ես ասելիք ունեմ:  «Աղաչանք». այս համերգի ընթացքում բոլորս աղոթում ենք եղեռնի նահատակների հոգիների խաղաղության համար»:

Իռենը ծնունդով Վրաստանի Խաշուրի քաղաքից է. Նա փոքրուց երգում էր դասական երգեր: Հիշում է` հայերեն էր ուզում երգել, բայց հայերեն չգիտեր.

«Ինձ միշտ ասում էին, հայ ես  հայերեն երգ երգի: Եվ միշտ ձգտում էի, որ գնամ Հայաստան, հայերեն սովորեմ, հայկական երաժշտական արվեստին ավելի լավ ծանոթանամ»:

Ուսումնասիրելով հայկական դասական արվեստը Երևանի Կոմիատասի անվան կոնսերվատորիայում, Իռենը ավարտին հասցրեց երգեհոնի ու ջութակի համար գրված իր սիմֆոնիկ ստեղծագործությունը` այն  նվիրելով Հայոց Ցեղասպանությանը.

Թբիլիսիի սուրբ Էջմիածին եկեղեցում երիտասարդ երգչուհուն ունկընդրեց նաև  վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը.

«Իռենը ապրելով վրաց աշխարհում, իր մեջ զգաց իր հայկական արմատները, իր հայկական կոչումը:  Սա մի նոր աղոթք ենք համարում ուղղված  մեր միլիոն ու կես սուրբերին, որոնց բարեխոսությամբ Հայաստանում, Արցախում ու այլ երկրներում պիտի հայությունն ապրի, ուժեղանա ու հզորանա…» :

Սոպրանո Իռեն Ավագյանը այսուհետ կստեղծագործի Թբիլիսիիում` աշխատելով հայկական երգչախմբերի հետ և  կերգի սուրբ Գևորգ եկեղեցում, որը կվերաօծվի և  իր դռնեը հավատացյալների առջև կբացի այս տարի աշնանը:

Ցուցադրել ավելի
Back to top button