Հասարակություն

Ինֆեկցիոն բաժանմունքի շենքային պայմանները բուժվող հիվանդների վիճակից ավելի անհուսալի են

satikisahakyan
Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքը վերջին օրերին աշխատում է գերծանրաբեռնվածությամբ: Այստեղ են բուժվում նաև Արմավիր քաղաքի թիվ 9, 6 և 11-րդ մանկապարտեզների երեխաները, որոնց մոտ ախտորոշվել է «շիգելլա զոնե» կամ դիզենտերիա հիվանդությունը:

 

 

Արմավիր բժշկական կենտրոնի  ինֆեկցիոն բաժանմունքում հիվանդների թիվը գերազանցում է նախատեսված մահճակալների քանակից, 30 մահճակալի դիմաց՝ 32 հիվանդ: Ծանրաբեռնվածության պատճառը  հիմնականում աղիքային ինֆեկցիաներն են: Բուժվող երեխաները ոչ միայն Արմավիր քաղաքի մանկապարտեզներից են, այլև տարածքի  գյուղերից: Ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանը տեղեկացրեց, որ գարնանն ու ամռանը բաժանմունքն աշխատում է ծանրաբեռվածությամբ:

Արմավիրի քաղաքի 9-րդ, 6-րդ և 11-րդ մանկապարտեզներից Արմավիրի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք է ընդունվել 16 հիվանդ, որոնց մի մասը դուրս է գրվել, մյուսները դեռ բուժման ընթացքի մեջ են:

«Շիգելլա զոնե» կամ դիզենտերիա հիվանդությունը հաստատվել է Արմավիր քաղաքի 9-րդ և 6-րդ մանկապարտեզ հաճախող հիվանդ երեխաների մոտ:  Դիզենտերիան վերագրվում է նաև՝ կեղտոտ ձեռքերի հիվանդության: Նույն հիվանդասենյակում գտնվող հիվանդ երեխաներն ընդունվել են նույն ախտանիշով, ծնողները ենթադրում են, որ հիվանդությունը սննդից է, հատկապես՝ կաթից:  Երեխաներն այդ օրը առավոտյան կաթ են խմել, իսկ ճաշին՝ ոլոռով ճաշ:

Արմավիր քաղաքի թիվ 9 մանկապարտեզից ընդունվել է 9 հիվանդ,  6-րդ մանկապարտեզից՝ 4 հիվանդ, թիվ 11 մանկապարտեզից՝ 3:  Ծանրաբեռնվածության պատճառով երեխաներից մի քանիսն էլ բուժվում են Մեծամորի բժշկական կենտրոնում:  Օրեր առաջ Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք էր  այցելել առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և հետաքրքրվել երեխաների առողջությամբ:  Տեղեկացնեմ, որ Արմավիրի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի շենքային պայմաններն ավելի անհուսալի վիճակում են, քան բուժվող հիվանդների:

Բաժանմունքն անհիշելի ժամանակներից չի վերանորոգվել, գույքը հնամաշ է, ինչին ականատես եղավ նաև առողջապահության նախարարը: Մնում է հետևություն անել բուժվող հիվանդների հոգեբանական վիճակի մասին: Առողջապահության նախարարի այցից հետո որևէ բան կփոխվի բաժանմունքի հիմնանորոգման առումով, վաղ է կարծիք հայտնել: Անդրադառնալով ինֆեկցիաներին նշեմ, որ  առողջապահության նախարարությունը տեղական ինքնակառավարման մարմինների և գյուղնախարարության սննդի պետական տեսչության հետ  համատեղ ուսումնասիրում են  մանկապարտեզների սանիտարահիգիենիկ պայմանները և  իրականցնում են հակահամաճարակային կանխարգելիչ  միջոցառումներ: Արմավիրի   մանկապարտեզներում իրականացվել են նմուշառումներ հիվանդներից, խմբասենյակներից, աշխատակազմից, խոհանոցից:

Դիզենտերիա հաստատված  մանկապարտեզներն այժմ փակ են:

Ցուցադրել ավելի
Back to top button