Քաղաքական

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է Լիբանան

Մայիսի 26-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը իր լիբանանցի գործընկերոջ Ջեբրան Բասիլի հրավերով պաշտոնական այց է կատարել Լիբանան:

Այցելությունը մեկնարկել է Լիբանանի վարչապետ Թամամ Սալամի հետ հանդիպումով։

Ողջունելով Հայաստանի ԱԳՆ ղեկավարին` Լիբանանի վարչապետն ասել է, որ Լիբանանի ժողովուրդը առանձնահատուկ համակրանք ունի հայ ժողովրդի հանդեպ: Բարձր գնահատելով երկու երկրների միջև առկա բարեկամական սերտ հարաբերությունները` վարչապետ Սալամը նշել է, որ դրանում իր զգալի ներդրումն ունի Լիբանանի հայ համայնքը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանում բարձր են գնահատում Լիբանանի հետ ջերմ և փոխշահավետ հարաբերությունները և պատրաստակամ են հավելյալ ջանքեր գործադրել փոխգործակցության զարգացման և առավել ընդլայնման համար։ Կարևորվել է առևտրատնտեսական կապերի ամրապնդումը, Հայաստանում լիբանանյան ներդրումների ծավալների ավելացումը։

Հանդիպմանը վարչապետ Սալամն ու նախարար Նալբանդյանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը։ Երկուստեք կարևորվել է միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը։

Զրուցակիցները հանգամանալից մտքեր են փոխանակել մի շարք տարածաշրջանային խնդիրների, Միջին Արևելքում զարգացումների շուրջ։

Հանդիպմանը արծարծվել է Լիբանանում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Զրուցակիցներն անդրադարձան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին և դրանց խորհրդին։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը երախտագիտությամբ են հիշում Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի ընդունելությունը լիբանանցիների կողմից:

Նախարար Նալբանդյանը վարչապետ Սալամին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

Բեյրութում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ:

Լիբանանի խորհրդարանի նախագահը, բարձր գնահատելով տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցությունը, նշել է, որ ջերմությամբ է հիշում 2011թ. Հայաստան կատարած իր այցելությունը, և խնդրել է իր բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի ղեկավարությանը։

Զրուցակիցները կարևորել են միջխորհրդարանական ձևաչափով համագործակցությունը, խորհրդարանականների փոխայցելությունների և միջխորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը:

Լիբանանի խորհրդարանի ղեկավարն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկել են միջինարևելյան զարգացումները և դրանց հետևանքով ստեղծված իրավիճակը։

Նույն օրը տեղի է ունեցել Էդվարդ Նալբանդյանի և Լիբանանի արտգործնախարար Ջեբրան Բասիլի հանդիպումը, որը մեկնարկել է առանձնազրույցի ձևաչափով, ինչին հաջորդել են բանակցությունները՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

Ողջունելով ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին` Լիբանանի արտգործնախարարն ասել է, որ երկու պետությունների միջև ձևավորվել են օրինակելի հարաբերություններ, ինչը պայմանավորված է բարեկամական համագործակցության ամրապնդման երկուստեք ցանկությամբ:

Նախարարները շարունակել են մեկ ամիս առաջ Երևանում մեկնարկած երկխոսությունը, երբ Ջեբրան Բասիլը Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին:

Էդվարդ Նալբանդյանն ու Ջեբրան Բասիլն անդրադարձել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության հարցերին, արտգործնախարարությունների միջև խորհրդատվություններին, փոխգործակցությանը բազմակողմ ձևաչափերում, կարևորեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։ Երկուստեք ընդգծվել է, որ առկա է մեծ ներուժ՝ առևտրատնտեսական համագործակցության խորացման համար, և այս առումով զգալի աշխատանք կա իրականացնելու։

Անդրադառնալով լիբանանահայ համայնքին` նախարարները նշել են, որ հայ համայնքը, մեծ դրական դերակատարություն ունենալով երկրի հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, հուսալի ու ամուր կամուրջ է հանդիսանում երկու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև: Հայաստանի և Լիբանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են արտերկրում հայկական և լիբանանյան համայնքային կառույցների միջև համագործակցության հնարավորությունները։

Հանդիպմանն անդրադարձ է արվել Լիբանանի հարավում խաղաղապահ առաքելության կազմում հայկական զորախմբի մասնակցությանը: Նախարար Նալբանդյանն իր գործընկերոջը հայտնել է, որ Հայաստանը նախատեսում է ավելացնել Լիբանանում տեղակայված իր զորախմբի թվաքանակը:

Բանակցություններին քննարկվել են Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումները, կարևորվել են միջազգային հանրության համախմբումը ահաբեկչության դեմ պայքարում։

Էդվարդ Նալբանդյանն ու Ջեբրան Բասիլը, անդրադառնալով այս տարվա մարտին Հայաստանի, Լիբանանի, Ռուսաստանի և Վատիկանի նախաձեռնած՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում Մերձավոր Արևելքում փոքրամասնությունների պաշտպանությանը նվիրված բարձր մակարդակի քննարկմանը, շեշտել են այդ ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։

Բանակցությունների օրակարգում էին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցության սերտացման, այս տարվա աշնանը Երևանում կայանալիք Նախարարական համաժողովի անցկացման հետ կապված հարցեր:

Նախարար Նալբանդյանն իր լիբանանցի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ջանքերը:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։

Էդվարդ Նալբանդյանը և Ջեբրան Բասիլը քննարկումները շարունակել են ՀՀ արտգործնախարարի պատվին տրված պաշտոնական ճաշի ընթացքում:

Մայիսի 26-ի երեկոյան Էդվարդ Նալբանդյանն այցելել է Լիբանանում ՀՀ դեսպանություն, ուր հանդիպեց Լիբանանի հայ համայնքային կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, պատասխանել լիբանանահայությանը հուզող բազմաթիվ հարցերի:

Ավարտելով այցելությունը Լիբանան` ՀՀ արտգործնախարարը մեկնել է Դամասկոս։

Ցուցադրել ավելի
Back to top button