Մշակույթ

«Անուշը» կներկայացվի հանրապետության մարզերում եւ Արցախում

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը նախատեսում է Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի գրական-թատերական կոմպոզիցիան (դիրիժոր` ՀՀ վաստ. արտիստ Կարեն Դուրգարյան, բեմադրիչ` ՀՀ վաստ. արտիստ Ալիսա Հեքիմբաշյան, խմբավար` Հրաչ Բորյան ) ներկայացնել հանրապետության մարզերում և Արցախում

Ազգային օպերային թատրոնից հայտնում են, որ նախագիծն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության և Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի ֆինանսավորմամբ, գլխավոր գործընկերն է VIVA Cell MTS ընկերությունը:

Առաջին ներկայացումը կլինի արդեն մայիսի 31- ին՝ Ջերմուկում։

«Այս նախաձեռնության նպատակն է հանրահռչակել օպերային արվեստը`բարձրարժեք մշակույթի լավագույն ստեղծագործությունները ներկայացնելով հանրապետության մարզերի և Արցախի հանդիսատեսին»,- նշված է օպերային թատրոնի հաղորդագրության մեջ։

«Անուշ» օպերան առաջին անգամ բեմադրվել է Ալեքսանդրապոլում (այժմ Գյումրի) 1912 թվականին։  Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում «Անուշ»-ն առաջին անգամ բեմադրվել է 1935 թվականին, իսկ 1939-ին այն ցուցադրվել է նաեւ Հայաստանից դուրս՝ Մոսկվայում` Շարա Տալյանի և Հայկանուշ Դանիելյանի մասնակցությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button