Շռայլը եղել է ԱԺ աշխատակազմը. բյուջեի կատարողականի քննարկումները ԱԺ- ում


Ղեկավար գերատեսչությունների աշխատակազմի ղեկավարների համար այսօր այն տհաճ օրերից էր, երբ ստիպված էին պատասխանել, թե որքան, որտեղ եւ երբ են ծախսել եւ, որն ամենակարեւորն է, արդյո՞ք կար այդ ծախսի անհրաժեշտությունը: ԱԺ մշտական հանձնաժողովներում 2014-ի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ այսօր հաշվետու էին ՀՀ նախագահի, ԱԺ, կառավարության եւ այլ ղեկավար կառույցների աշխատակազմերի ղեկավարները: «Հիշեք մոտ 1 միլիոն աղքատների մասին»,- պաշտոնյաներին պարբերաբար կոչ է արվել ԱԺ- ում։
Արդեն հայտնի փաստ է, որ անցյալ տարի տնտեսական աճը նախատեսվածից մի քանի անգամ պակաս էր, բայց մի քանի անգամով իրենց ծախսերը չկրճատեցին ղեկավար կառույցները: Չնայած հարկ է նշել, որ ոչ նախագահի, ոչ էլ կառավարության աշխատակազմերն անցյալ տարի ավտոմեքենաներ չեն գնել: «Գոտիները ձգելու» օրինակին չի հետեւել խորհրդարանը՝ անցյալ տարի էլ են ձեռք բերել մեքենա ԱԺ նախագահի համար։ Նաեւ մի քանի օր է, ինչ պատգամավորները ԱԺ բակում տեսնում են նոր մեքենաներ՝ երկուսը խոսնակի անվտանգությունը սպասարկող ուղեկցող ՋԻՓ- երն են, նաեւ նոր մեքենաներ են կցվել խմբակցությունների ղեկավարներին:
ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ստիպված էր հաստատել այս ամենը պատգամավոր Էդմոն Մարուքյանի համառ պնդման արդյունքում:
Եթե շինարարության համար հատկացված միջոցների 60 տոկոսը նախագահականը տնտեսել է եւ վերադարձրել բյուջե, ապա նույնը չի կարելի ասել ԱԺ մասին՝ վերանորոգվել է ավտոտնտեսությունը եւ շենքի հարակից տարածքը: Աշխատակազմի ղեկավարն անհրաժեշտությունը հիմնավորեց, թե «աշխատողներից մեկը մի օր կընկներ եւ ոտքը կկոտրեր այդ խարխլված աստիճանների վրա»:
Պատգամավորների համար այսօր որեւէ հիմնավորում ընդունելի չէր, պնդում են, թե ստեղծված սոցիալ- տնտեսական դժվարին պայմաններում ղեկավարները պետք է ապրեն ճգնավորի կյանքով եւ անցնեն «տնտեսման արտակարգ ռեժիմի»։ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն անկեղծորեն պատասխանեց, որ առաջարկված տնտեսումները ճիշտ չի համարում: «Անմիտ տնտումն ամենաանընդունելի շքեղությունն է, որ կարելի է թույլ տալ մեր երկրում»,- ասաց։
Շռայլությունների եւ տնտեսումների խնդրից անցնելով փաստերին՝ պարզվեց, որ 2014-ին ՀՀ քաղաքացիություն է ստացել 13 246 քաղաքացի, իսկ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է 2 200 անձ: Ի դեպ՝ քաղաքացիություն ստացածներից 3 613-ը սիրիահայերն են եղել: