ԿարևորՀասարակություն

ՀՀ նախագահի ամենամյա մրցանակաբաշխությունը

karenghazaryan

Նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի ամենամյա մրցանակաբաշխությունը: Նախագահի 2014 թվականի մրցանակներ չեն շնորհվել միայն բնական եւ հումանիտար գիտությունների բնագավառներում: Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ է այս տարի տրվել ցեղասպանության ենթարկված Հայաստանի Հանրապետությունում բնակվող 23 կանանց եւ Մերձավոր Արեւելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեին, որի գործունեության արդյունքում եւ ջանքերով են փրկվել մոտ մեկ միլիոն հայկական կյանքեր, ներառյալ՝ 132 հազար որբեր:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը յուրօրինակ խորհուրդ է հաղորդել մրցանակաբաշխությանը: Ցեղասպանություն վերապրածների ժառանգներն արձանագրում են հպարտանալու ձեռքբերումներ: «Սա է հայ ժողովրդի պատասխանը մեզ ոչնչացնել ու վերացնել ծրագրողներին ու ցանկացողներին: Այս պատասխանը տվել են առաջին հերթին հենց Հայոց ցեղասպանությունը վերապրածները՝ նրանք, ովքեր կարողացան հիմնահատակ ավերված մեր տունը կրկին կառուցել ու շենացնել»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Վերապրածների այդ մեծագույն ավանդը գնահատելու նպատակով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակն այս տարի տրվել է ցեղասպանության ենթարկված Հայաստանում բնակվող 23 կանանց:

23 մլն դրամը հատկացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը: «Փա՛ռք ձեզ, սիրելի՛ մայրեր, Փա՛ռք ու պատիվ ձեզ: Դուք այսօր խորհրդանշում եք այն հայ մայրերին, որ Դեր Զորի այրող ավազների վրա հայ մանուկներին մեսրոպատառ գիր էին սովորեցնում: Այսօր ձեր թոռները բարդ վիրահատություններ են կատարում և այդ նույն մեսրոպյան գրով ոսկեղենիկ հայերենի փոխադրում Ումբերտո Էկոյի նշանավոր գիրքը: Հայոց ցեղասպանության դժնդակ ժամանակահատվածում գտնվեցին բարի կամքի տեր մարդիկ, ովքեր փրկեցին տասնյակ հազարավոր գաղթականների և որբերի: Դրանց շարքում անգնահատելի էր Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի կատարած աշխատանքը: Այսօր մենք ճանաչում ենք մեր վերապրելու գործում ամերիկյան ժողովրդի ունեցած վաստակը և երախտագիտություն ենք հայտնում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակը հանձնելով Մերձավոր Արևելքի հիմնադրամին»:

Մենք իրապես գնահատում ենք այն մարդկանց, ովքեր ներդրում են կատարել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում՝ իր հերթին շեշտեց Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակների հովանավոր «Պողոսյան» հիմնադրամի ներկայացուցիչ Ռոբերտ Պողոսյանը։

Մերձավոր Արեւելքի հիմնադրամի պատմությունը եւ գործունեությունը ամերիկյան եւ հայ ժողովուրդների միջեւ ստեղծված ամուր կապերի արտացոլումն է, իր խոսքում արձանագրեց հիմնադրամի նախագահ Շառլ Բենջամինը: «Մենք հաստատապես կարծում ենք, որ ամերիկացիները պետք է իմանան իրենց ազգային պատմության այդ հատվածի մասին, դրա հետեւում կանգնած եղեռնագործության, ինչպես նաեւ ամերիկյան եւ հայ ժողովրդի միջեւ վաղեմի ամուր կապերի գոյության մասին»:

Մերձավոր Արեւելքի հիմնադրամի պատմությունը հիմնականում անհայտ է մնացել երիտասարդ սերունդների համար: Անցյալ տարվա ընթացքում դա որոշակիորեն սկսել է փոխվել շատ մարդկանց ջանքերով, ովքեր աշխարհի ուշադրությունը հրավիրեցին Հայոց ցեղասպանության եւ 100 տարի առաջ Ամերիկայի արձագանքի վրա, իր խոսքը եզրափակեց Մերձավոր Արեւելքի հիմնադրամի նախագահ Շառլ Բենջամինը:

Հայաստանի նախագահի 2014 թվականի մրցանակներ այսօր հանձնվեցին տեխնիկական գիտությունների եւ ինֆորմացիոն տեխնոլոգիների, արվեստի, ֆիզիկայի, գրականության եւ բժշկագիտության բնագավառներում: Բժշկագիտության բնագավառում երկու մրցանակ տրվեց՝ երկու խմբերի, որոնք ղեկավարում են Արա Բաբլոյանն ու Հովհաննես Սարկավագյանը: Նրանց նորամուծությունները կյանքեր են փրկում:

«Մենք Հայաստանում ներդրել ենք կրծքային վիրաբուժության ամենաբարդ վիրահատությունը՝ շնչափողի մասնահատումը եւ վերականգնումը: Դա դժվար վիրահատություն է: Քիչ թվով կենտրոններ կան»,- ասաց Հովհաննես Սարկավագյանը։

Այսօր հանձնվեցին նաեւ նախագահի ամենամյա երիտասարդական մրցանակներ՝ արվեստի բնագավառում եւ դասական երաժշտության «Երգեցողություն» ու «Գործիքային կատարում» անվանակարգերով: Հաջողության հասած յուրաքանչյուր ոք պայքարել ու գտել է արարման իր ուղին: Շնորհավորելով Հայաստանի նախագահի ամենամյա մրցանակին արժանացածներին նախագահ Սերժ Սարգսյանը շեշտեց, որ արժեւորվում է այդ պայքարը: Երկրի ղեկավարը կարեւորեց նաեւ, որ ներկայացված են ստեղծագործ հատվածի ավագ միջին ու կրտսեր սերնդի ներկայացուցիչներ:

Back to top button